«Քանի տնտեսությունը կոլապսային վիճակում է, գնաճը շարունակական կլինի»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր հանրապետությունում գնաճի ֆոնն ակնհայտորեն բացասական է: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ շարունակական գնաճը տնտեսական համընդհանուր խնդիրների մեջ պարզապես ամենատեսանելին է:
Հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների գնաճային ցուցանիշները և այն, որ Հայաստանում, օրինակ՝ Վրաստանի համեմատ գնաճն ավելի բարձր է՝ տնտեսագետը շեշտեց. «Մենք խոսում ենք մի տնտեսության մասին, որը չի աշխատում և, ըստ էության, չի գործում: Ու, բնականաբար, նման պարագայում գնաճը բացասական երևույթներից ընդամենը մեկն է: Մեծ հաշվով, գնաճը շարունակական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը գտնվում է նման կոլապսային վիճակում: Իսկ այս իշխանությունների կառավարման պարագայում գնաճն ավելի է խորանալու: Սա զուտ վատատեսական կանխատեսում չէ, սա իրողություն է: Տնտեսությունն այսօր, որպես այդպիսին, չի աշխատում: Այս իմաստով ժողովրդի համար տեսանելի ցցուն նշանը գնաճն է»: Տնտեսագետի խոսքով, խնդիր կա տնտեսության բոլոր ճյուղերում:
«Թե՛ փոքր և միջին ձեռնարկությունները, թե՛ առևտրի, թե՛ ծառայությունների և թե՛ տնտեսության մյուս ճյուղերն ու ուղղությունները դադարում են գործել լիարժեքորեն՝ պայմանավորված այս պահին առկա քաղաքականության պատճառով: Խոսքը թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛, առաջին հերթին, նաև արտաքին քաղաքականության մասին է: Ինչ վերաբերում է կոնկրետ արտաքին քաղաքականությանը, ապա մեր կապերն այս պահին խիստ վտանգված են անգամ այն երկրների հետ, որոնց հետ հստակ ձևավորված տնտեսական կապեր ու հարաբերություններ ենք ունեցել: Մենք չունենք այնպիսի արտադրական ձեռնարկություններ, որ մեր երկրի պահանջմունքները և կարիքները բավարարենք մեր ուժերով: Բնականաբար, այդ կապերի միջոցով, մասնավորապես մեծ ծավալի ներմուծումների առումով մենք կարողացել ենք քիչ թե շատ լուծել վերոնշյալ խնդրից բխող հարցերը: Բայց հիմա գոյություն ունեցող այդ կապերի խիստ ու կտրուկ թուլացումը ակնհայտ հետևանքների է հանգեցնում»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով ֆինանսական կայունության ապահովման և գնաճը զսպելու խնդրին ու այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքակազմերը՝ Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ ԿԲ-ի բոլոր քայլերը վերոնշյալում նկարագրված իրավիճակից են բխում: «Այս ամենը տնտեսական հարաբերություններում ռիսկերի կտրուկ մեծացում է նշանակում: Ռիսկերի կտրուկ մեծացումը ԿԲ-ի համար անխուսափելի է դարձնում գործիքակազմերի կիրառումը, որոնց թվում նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Վերջին 5 ամսվա ընթացքում ԿԲ-ն ստիպված էր երրորդ վերանայումն անել այդ առումով: ԿԲ-ի քայլերը պարտադրված են: Ավելի ծայրահեղ ու ծանր վճակում չհայտնվելու համար Կենտրոնական բանկը շնչահեղձ իր վերջին քայլերն է անում:
Միևնույն ժամանակ, ցանկացած պարագայում տնտեսության նման խայտառակ և նման ողբերգական իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու է կառավարությունը: Իսկ նման կառավարության դեպքում Կենտրոնական բանկին կամ, այլ ձևով ասած, դրամային իշխանություններին մի ինստիտուտ է մնում՝ կարողանալ իրենց գործիքակազմով ֆինանսական կայունություն ապահովել շուկայում ու գների զսպում իրականացնել: Հիմա ԿԲ-ն կարող է հասնել մի իրավիճակի, երբ իր ունեցած գործիքակազմը պարզապես բավարար չի լինի այդ զսպումներն իրականացնելու համար: Մենք այս պահին հենց նման եզրագծին ենք: Իսկ ստեղծված իրավիճակը, մեծ հաշվով, կործանման եզրին է հասցնելու երկիրը»,-ասաց Վ. Բոստանջյանը:
Նա շեշտեց, որ երեք տարվա ընթացքում հայտնվել ենք մարդկանց ձեռքում, որոնք կառավարման համակարգից ոչինչ չեն հասկանում: «Նրանք պետք է պարզապես դուրս շպրտվեն նաև կառավարման համակարգից: Մենք պատահականությունների պատճառով, բնականաբար, պետք է հայտնվեինք հենց այս իրավիճակում: Ինչ վերաբերում է նրանց «ռեկորդային» ցուցանիշներին, խոստումներին ու տարբեր տեսակի աճերին, դրանք ոչ այլ ինչ են, քան պարզապես խոստումներ ու նկարված թվեր: Երեք տարի ամենահասարակ խոստումներն անգամ չեն կատարվել: Առհասարակ, պետք չէ խորանալ ու քննարկել այժմ ներկայացվող այդ թվերն ու ցուցանիշները: Դրանք հիմարությունների, զուտ խոստումների ու դատարկ թվերի համատեքստում են ու ոչինչ չեն նշանակում: Ամոթ էլ է քննարկել, օրինակ՝ նույն էկոնոմիկայի նախարարի ասածները, որի դեմքին նայելով հասկանում ես, որ այդ մարդը չի կարողանում կողմնորոշվել՝ արևը որտեղից է դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում: Խոսում են այնպիսի բաների մասին, որ սատկած հավի ծիծաղն է գալիս»,-եզրափակեց տնտեսագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում