Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախյան վերջին պատերազմի հետևանքները հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու։ Տարիներ շարունակ հաղթանակի դիրքերից հանդես եկող հանրությանը 44 օր մոլորեցնելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում հրամցվեց ստորացուցիչ պարտությունը։ Ու մարդիկ մինչ օրս չեն կարողանում ու չեն ցանկանում համակերպվել այդ պարտության հետ։ Եվ ընդհանրապես, երկրում փոխվել է ընդհանուր մթնոլորտը։ Չկա ուրախություն, չկա ոգևորվածություն, ինչպես նախկինում։ Այդպես, եթե մենք մինչև 2020 թվականը մայիսի 9-ը մեծ հանդիսավորությամբ նշում էինք որպես եռատոն, ապա Փաշինյանի օրոք մենք այլևս չունենք այդ եռատոնը։ Ու այսքան կորուստներից և զոհերից հետո թվում է, թե ընդհանրապես տոն չի մնացել։
Սակայն այս ամենը միայն 44 օրվա կամ վեց ամսվա խնդիր չէ. 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո ճանապարհ հարթվեց ողբերգական իրադարձությունների համար։ Դրա համար մեր Արցախյան հաղթանակներն արժեզրկվեցին, իսկ հաղթանակների ուղին հարթած հերոսների դեմ տենդագին վարկաբեկման արշավ սկսվեց։ Ուստի պատահական չէ, որ իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում երկու տարի շարունակ հաղթանակի բովով անցած ու պատմություն կերտած մարդիկ, մեր հաղթանակի հերոսները սևացվեցին և հանրությանը ներկայացվեցին «թալանչիների» պիտակի ներքո։ Իսկ հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, Փաշինյանը իբր սկսել է հիշել, որ մենք նաև հերոսներ ունենք, որոնց պետք է գնահատել ըստ արժանվույն։ Հենց դրանով է պայմանավորված, որ վերջինս ի վերջո որոշեց «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչում շնորհել լեգենդար հրամանատար Կոմանդոսին:
Հետմահու, Արցախյան հաղթանակները փոշիացնելուց հետո։ Պարզապես ողբերգություն է, որ Շուշին թշնամուն հանձնողն ու պարտության խորհրդանիշ դարձած անձը պարգևատրում է Շուշիի ազատագրման հարցում մեծ ներդրում ունեցած հրամանատարին։ Ի դեպ, մի ուշագրավ դետալ չէր կարող վրիպել մարդկանց ուշադրությունից. լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելով նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ ցավալի է, որ կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում են «մի փոքր այլ միջավայրում», քան կցանկանային: Ստացվում է, որ մեր հայրենիքի կորուստը և հազարավոր զոհեր, վիրավորներ ունենալը, ստորացուցիչ պայմաններ ընդունելը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը լիովին խարխլելը Նիկոլ Փաշինյանի համար «մի փոքր այլ իրավիճակ» է։
Այլ կերպ ասած՝ իր համար պարտությունից հետո շատ բան չի փոխվել։ Սա նույնիսկ խայտառակություն չէ, սա ողբերգություն է: Բայց շատ ավելի մեծ ողբերգություն կլինի, եթե ինչ-որ հրաշքով այս անձն ու իր խմբակը հանկարծ վերարտադրվեն: Իսկ դրա համար նա ամեն միջոցի դիմում է և դիմելու է, չի խորշելու ոչնչից: Նա հիմա էլ կեղծ շոունոր է բեմադրում, «չոքեչոք» Եռաբլուր է այցելում, գյուղեր է այցելում, իր ոտքերի տակ ոչխար մորթել է տալիս։ Այս ամենն այլ կերպ, քան կեղծավորության մաստեր կլաս, դժվար է բնութագրել։ Իսկ այդ ամենի հերթական դրսևորումը երեկ էր՝ ԱԺում. ստերի, մանիպուլ յացիաների, կեղծիքի հավերժական թվացող շարան...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում