«Ալիևի քայլերը վկայում են, որ դեռևս նոր խնդիրներ են ուզում առաջացնել». Դավիթ Բաբայան
InterviewԱրցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի տարածքի մեծ մասը, երբ չի ճանաչել նրա անկախությունը, Ալիևը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ղարաբաղյան հիմնահարցը լուծված է, և այն արդեն պատմություն է։
Իր վերջին հարցազրույցում Ալիևը կրկին ասել է, թե հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանն այս հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ բանակցությունների սեղանի շուրջ։
Ի դեպ, Ալիևն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին ընդառաջ։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նման հայտարարություններով։
«Հակամարտությունը կարգավորված չէ, այսինքն՝ եթե Ադրբեջանը կարծում է, որ հակամարտությունը կարգավորված է, առաջին քայլերից մեկը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչում իր կողմից։ Սրանով մեկ կարևորագույն հարց կլուծվի, այսինքն՝ ճանաչման խնդիրը։ Արցախի հիմնախնդիրն իրենից ներկայացնում է հիմնականում երկու քաղաքական հարց՝ ճանաչում՝ կարգավիճակի խնդիր և սահմանների հարց, այս երկուսն էլ այսօր կարգավորված չեն։ Եթե Ադրբեջանն ուզում է, որ հիմնահարցը կարգավորվի, ապա առաջին հերթին պետք է ճանաչի Արցախը, որից հետո այդ հարցը լուծված համարելով՝ անցնում ենք սահմանների հարցին՝ դեօկուպացիայի հարց, և այլն»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, գուցե, երբ Ալիևն ասում է, որ հիմնախնդիրը լուծված է, ձե՞ռք է քաշում Արցախից, բայց մյուս կողմից էլ՝ նրա գործողությունները ցույց են տալիս, որ այդպես չէ, և ոչ միայն Արցախից չի հրաժարվում, այլև Հայաստանից՝ հայտարարելով, թե Սևանն ու Զանգեզուրն «ադրբեջանական» են։
«Բնական է, որ Ալիևի ասածները և նրա քայլերը մեկը մյուսի հետ չեն համապատասխանում, հակառակը՝ դրանք վկայում են, որ դեռևս նոր խնդիրներ են ուզում առաջացնել»,- հավելեց Արցախի արտգործնախարարը։
Միաժամանակ նա շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է որոշի՝ Ալիևի այս հայտարարությանը պատասխանի՞, թե՞ ոչ, գուցե որևէ հայտարարություն չհնչի, քանի որ դրանից առաջ էլ են եղել հայտարարություններ և մնացել անպատասխան, ինչը, թերևս, վիճակն ավելի չբարդացնելու համար է արվել։
«Կարծում եմ՝ այս հայտարարությանը որևէ պատասխան դժվար թե լինի, որովհետև իմաստ չկա, մենք դրանց պատասխանում ենք»,- ընդգծեց նա։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձավ այն տեղեկություններին, որ թշնամին հայերի գերեզմանաքարերը հանում և օգտագործում է իր կողմից օկուպացված տարածքներում ճանապարհներ վերանորոգելու համար։
«Մենք ունենք տեղեկություն, որ հատկապես Հադրութի շրջանում բարբարոսաբար ոչնչացնում են ամեն ինչ, ջարդում են գերեզմանաքարերն ու դրանք օգտագործում ճանապարհների համար, որոնք թանկարժեք են, վերցնում են, որոնք թանկարժեք չեն, օգտագործում են որպես շինանյութ՝ հիմնականում ճանապարհների համար։ Նույնիսկ կան բաց տեղեկություններ, որոնց ցույց են տալիս, թե ինչպես են բուլդոզերներով քանդում գերեզմանատները տարբեր գյուղերում։ Այդ հատվածներում պետք է լինի մշտադիտարկման առաքելություն, սակայն սա բաց խնդիր է, Ադրբեջանը դրանց խոչհնդոտում է։ Այս պահին մենք կարող ենք միայն դրա մասին բարձրաձայնել։ Այսօր մեր ամենամեծ անելիքն ուժեղ երկիր ունենալն է, որպեսզի թույլ չտանք ոսոխը տիրանա մեր երկրին, մեր սրբություններին, սրբավայրերին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։