ԱԺ-ի արձակվելու հաջորդ օրը ադրբեջանցիները մտան մեր տարածք․ ահա, թե ինչու չպետք էր գնալ ընտրությունների․ Արտակ Թովմասյան
TVԴեռևս տասը օր առաջ մտածում էինք գնալ ընտրությունների, թե ոչ, կոչով էինք դիմել պատգամավորներին, որ մեր խոսքը տեղ հասնի և, համաձայն դրա, որոշումները ճիշտ ընդունվեն: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
«Անցավ ընդամենը տասը օր և տեսանք, թե ինչ եղավ: Մայիսի տասից հետո, երբ արձակվեց մեր պառլամենտը, մյուս օրն արդեն ադրբեջանցիները մտան մեր տարածք: Ես ասում էի, որ հիմա չի կարելի գնալ ընտրությունների, որովհետև, մեր թշնամին հասկանում է իրականությունը մեր երկրի ներսում, պառակտումը, որ ամեն կուսակցություն զբաղված է իր նախընտրական քարոզներով, իսկ գործող իշխանությունն արդեն վերարտադրվելու համար զբաղված է լինելու այս կամ այն անձնական նեղ կուսակցական հետաքրքրությամբ»,-ասաց Թովմասյանը:
Թովմասյանը նշեց, որ եթե իշխանությունը շարունակի խաղալ ընտրությունների գնալու խաղը վերարտադրվելու համար՝ մեր պետությունը կունենա նոր կորուստներ:
«Եթե չմիաբանվենք՝ մինչև հունիսի 20-ը ունենալու ենք նոր պրոբլեմներ»,-ասաց Թովմասյանը: