Ինտրիգը հանգուցալուծվեց
AnalysisՆերքաղաքական ամենակարևոր ինտրիգներից մեկը հանգուցալուծվեց․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական արտահերթ ընտրությւոններին կմասնակցի Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից մեկի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ։
Վերջին ամիսներին մամուլը հնարավոր և ահնարին վարկածներ էր առաջադրում, թե ում հետ ընտրություններին կմասնակցի անվանի գործարարը։
Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը համաձայնագիր են ստորագրել՝ ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ, իսկ առաջիկայում ՀԴԿ համաժողովը կորոշվի ընտրական ցուցակը։ Արզաքանցյանն ինքն էլ արձանագրում է, որ Արամ Սարգսյանի հետ նախկինում հաջողված համագործակցություն ունեցել է, այսօր էլ մասնակցում է ընտրություններին, քանի որ երկիրը անդունդի եզրին է, ծանր վիճակում։ Տիգրան Արզաքանցյանը եզակիներից է, որ դաշտը սև ու սպիտակի չի բաժանում, նախկիններին ու ներկաներին հրավիրում է քննարկել ու հասկանալ, թե ինչպես փրկել երկիրն աղետից։
Նա ինքն էլ արձանագրում է, որ ստիպված է վերադարձել քաղաքականություն։ 2012թ․ թողնելով պատգամավորի պաշտոնը՝ Արզաքանցյանը զարգացրել է իր բիզնեսը,նոր կապեր ստեղծել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այլևս չի կարող մի կողմ քաշվել հարկավոր է գործել։
Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ ստորագրած հուշագրում արձանագրվել են առաջնային նպատակները՝ պետության անվտանգությունն ապահովումը, հայության համախմբումը, և հատկապես տնտեսական զարգացման հարցը։ Այստեղ է, որ կարևորվում են Տիգրան Արզաքանցյանի կարողությունները, արտերկրում ունեցած գործարար և ընկերական կապերը։ Նա ինքն էլ օրերս հայտարարել էր, թե բազմաթիվ միլիարդատեր ընկերներ ունի, որոնց կարող է շահագրգռել, հրավիրել Հայաստան ներդրումներ անելու, որոնց կարիքը Հայաստանն օդուջրի պես ունի։
Արամ Սահակյան