«Ցավոք, շատերը լիարժեք չեն պատկերացնում՝ ինչ մեծագույն ողբերգություն է կատարվել մեզ հետ»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական պահը: Մեր հանրությունը պառակտված է, և այս դժվար իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է: Ինչ կապված է ընտրությունների հետ, դեռ որևէ կանխատեսում չունեմ, բայց հույս ունեմ, որ մեր հանրությունը կսթափվի՝ անկախ քաղաքական հայացքներից, և կհամախմբվի: Դա շատ կարևոր է, այս դժվարագույն իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսոր, դերասան Արմեն Մարգարյանը:
Ընդգծում է՝ պատերազմն, անշուշտ, չի շրջանցել որևէ մարդու: «Մենք այլևս այլ արժեհամակարգով ենք ապրում»,-նշում է նա:Հարցնում եմ՝ գուցե ոչ բոլորս, քանի որ յուրաքանչյուրս ունի տարբեր հայացքներ ու մտածելակերպ, բայց գոնե մեծամասամբ գիտակցո՞ւմ ենք այն աղետի իրական ծավալները, որ պատուհասեց մեզ: «Դատելով սոցիալական տիրույթի օգտատերերի գրառումներից, զրույցներից, որոնք լսում եմ, մարդկանց հետ շփումներից՝ ցավոք, շատերը լիարժեք չեն պատկերացնում՝ ինչ մեծագույն ողբերգություն է կատարվել մեզ հետ: Դա էլ բերում է պառակտման: Երբ մարդիկ լիարժեք գիտակցեն իրողությունը, այդ ժամանակ, կարծում եմ, կհամախմբվեն»,-շեշտում է մեր զրուցակիցը:
Զրույցների, քննարկումների ժամանակ շատ անգամ կարելի է անտարբերություն տեսնել, անգամ ցավալի է գիտակցել, որ Երևանում կամ Շիրակի մարզում ապրող մարդու համար «մեկ է», թե ինչ է կատարվում Սյունիքում կամ Գեղարքունիքում: Գործ ունենք անտարբերությա՞ն, թե՞ այլ երևույթի հետ: Ռեժիսորն ասում է՝ նա այդ ամենը վերագրում է մարդկանց կրթությանը և դրա սանդղակներին:
«Այսօր շատերը մտածում են, որ իրենց տունն ավարտվում է բնակարանի շեմով և այդ պատճառով հանգիստ նստած են իրենց տեղերում: Պետք է դուրս գալ այս մտածողության շրջանակից, լայն բացել աչքերը և նայել իրականությանը: Որքան էլ դառն է այդ իրականությունը, մենք պետք է ուժ գտնենք և կարողանանք ճիշտ գնահատել իրադրությունը, ճիշտ գնահատել այն ամենը, ինչ մեզ հետ կատարվեց: Ցավոք, դեռ կատարվում է: Հույս ունեմ, որ հանգուցալուծումը կլինի դրական: Իհարկե, չեմ ասում, որ պետք է մոռացության տանք այն ամենը, ինչ եղավ մեզ հետ: Մեր ազգը չի մոռանում ոչ մի աղետ: Երբ մեր ոտքը տրորում են, կարողանում ենք այդ ամենը սթափ գնահատել և ճիշտ ժամանակին վրեժխնդիր լինել: Դա մեր ազգային առանձնահատկությունն է: Մենք ընդամենը պետք է մեր մեջ ուժ գտնենք, համախմբվենք, որպեսզի դուրս գանք հոգեկան այս ծանր կացությունից և կրթվենք, անդադար ու բոլոր ոլորտներում կրթվենք, որպեսզի երբ գա ժամանակը, կարողանանք ճիշտ պատասխան տալ բոլորին»,-նշում է դերասանը:
Մարգարյանը հավելում է՝ այս աղետն անդրադարձել է բոլոր ոլորտների վրա: «Վերջերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրեցի «Երկու գումարած երկու» ներկայացումը՝ Քեն Լյուդվիգի «Պրիմադոնաները» պիեսի հիման վրա: Մինչ պատերազմը լրիվ այլ ժանրի ու այլ աշխատանք էի պլանավորում բեմադրել: Պատերազմը շատ բան փոխեց: Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալ յանի հետ զրույցների ընթացքում հասկացանք, որ այս պահին անհրաժեշտ է կատակերգական ժանրը, քանի որ մենք խորապես համոզված ենք, որ հիմա մեզ մի փոքր պակասում է հումորը: Իհարկե, թող դա լինի արհեստական հումոր, բայց թող լինի: Եվ ես բեմադրեցի այս ներկայացումը»,-ընդգծում է ռեժիսորը:
Բոլոր ժամանակներում և իրավիճակներում մենք խոսում ենք կրթության և մշակույթի կարևորության, դրանց արժևորման անհրաժեշտության մասին: Գուցե այս անդունդից մեզ «դուրս բերողը» ևս կրթությունն ու մշակույթը պետք է դառնան: «Մշակույթը և կրթությունը շատ մեծ կապ ունեն իրար հետ: Ես համոզվում եմ, որ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից մինչ օրս թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը մատնված են եղել անտերության: Չկա որևէ ռազմավարություն ո՛չ կրթության, ո՛չ առավել ևս մշակութային ոլորտում: Իսկ ի՞նչ է լինում մի ազգի, մի պետության հետ, որը մատների արանքով է նայում կրթությանը և մշակույթին: Մենք տեսնում ենք, թե ինչ է լինում, զգացինք դա մեր մաշկի վրա: Ես կցանկանամ, որ այդ ոլորտները ղեկավարողներն իրենց գործառույթներն իրականացնելիս քիչ հանգստանան և շատ գործեն, հնարավորինս շատ աշխատեն, որովհետև միմիայն մշակույթի և կրթության շնորհիվ կկարողանանք ուշքի գալ»,-եզրափակում է Արմեն Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում