Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է որպես Դատական կատարողների միջազգային միության գարնանային լիագումար նիստի անցկացման վայր
Նոյեմբերի 27‑ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառման ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա երկու տարվա գործունեության հիմնական միջոցառումները՝ իրենց ժամանակացույցով:
Հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված նախորդ միջոցառումների դրական փորձն ու կազմակերպական բարձր հմտությունները՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի կողմից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին առաջարկվեց Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Միհրան Պողոսյանի կողմից առաջարկն ընդունվելուց հետո դրա մասին խորհրդի ամենամյա լիագումար նիստի ընթացքում հայտարարվեց ներկա գտնվող երկրների պատվիրակություններին: