Եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար․ ՊԵԿ
EconomicsՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով:
Միաժամանակ, 2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիս ամսվա նույն ցուցանիշին` 16.2 %-ով, 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 19.8 %-ով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 39.3 %-ով:
2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:
Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը: