Կարևոր է, որ գլուխներս կախ չփոխենք մեր ճանապարհները. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ընտրություններից հետո կյանք կա՞: Իհարկե: Զարմացե՞լ ենք արդյունքներից, մասամբ, ա՞յլ պատկեր էինք ակնկալում տեսնել, այո՛: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ամենակարևորը՝ հասարակությանը հերթական ցնցումներին, բախումներին չտանելն էր: Չտարան: Ի՞նչ անի քաղաքական հին ու նոր, նոր ու հին իրավիճակի՝ ուղիղ ճամփաբաժանին հայտնված քաղաքացին, հատկապես այն մեկը, որն իր քվեով ցանկանում էր փոփոխություն բերել երկրին, վերականգնել անվտանգության զգացողությունը, դադարել վախենալ վաղվա օրվա համար, չապրել միայն այս օրով, քանի որ չգիտի՝ վաղն ինչ է լինելու: Շարունակել ատե՞լ իրար: Մենք տեսանք եռամյա ու ոչ միայն եռամյա ատելության ու անհանդուրժողականության հետևանքները, մենք շարունակում ենք ապրել դրա մեջ ու դրա հետ: Ներե՞լ իրար, ներել կարող է Աստված, բայց մենք պարտավոր ենք չչարանալ: Ի՞նչ կշահենք ատելության ու անհանդուրժողականության այս մրցավազքում: Կորցրածը հաստատ ավելին կլինի, քան շահածը:
Վիճե՞լ քաղաքականության շուրջ ու քաղաքականության մասին, թշնամանա՞լ սիրելիների ու հարազատների հետ: Սա պետք է մեկընդմիշտ բացառել: Ունենք քաղաքական այլ նախապատվություններ, շատ լավ, ես չեմ կարողանում քեզ համոզել, որ մեր երկիրը գնում է սխալ ընթացքով, դու հակառակ կարծիքն ունես, հրաշալի է: Այդ դեպքում ամեն մեկս մնում ենք մեր կարծիքին, բայց դա չի խանգարում մեզ ընկերներ ու բարեկամներ մնալ, պետք է, որ չխանգարի, քանի որ քաղաքական գործիչներն ու իրադարձությունները կգան ու կգնան, իսկ մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, ամեն օր հանդիպել, կարևոր է, որ գլուխներս կախ չփոխենք մեր ճանապարհները: Հիմա՞ր ձևանալ, դա ամենահեշտ տարբերակն է: Ի վերջո, բոլորս էլ կարող ենք ասել, թե մեզ համար ամեն ինչ մեկ է ու այդպես ապրել, ի դեպ, այդպես շատերն են վարվում: Հավաքե՞լ ճամպրուկը: Ես այն աչքիցս հեռու եմ պահում, այդ որոշումը ծայրահեղ դեպքում կկայացնեմ: Իմ հայրենիքը Հայաստանն է, որևէ այլ երկրում ես պատրաստ չեմ արմատներ գցելու: Սա ուղղակի պաթոս չէ, բաժակաճառ չէ, հայրենասիրություն էլ չէ:
Սա ընտրություն է հանուն իմ երկրի, ես այստեղ ավելին եմ թողնելու, քան կարող եմ ունենալ աշխարհի ամենաապահովված ու անվտանգ երկրում: Ի՞նչ անել: Յուրաքանչյուրն ինքը պետք է այս հարցին պատասխանի: Ես, օրինակ՝ ամենաշատը սարսափում եմ սերունդների հարցերից՝ ինչո՞ւ հեռացաք, ինչո՞ւ զիջեցիք, ինչո՞ւ պայքարի դուրս չեկաք: Սարսափում եմ ու մտաբերում Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներից» մի հատված. «Ես ձեզ չեմ ասում՝ վերադարձեք, ով գնացել է, չեմ ասում նաև՝ մի գնացեք, ով դիմել է, ես ասում եմ՝ մտածեք ձեր զավակների մասին, որոնք օտարության մեջ մի օր ձեր երեսին կշպրտեն միամիտ ու ողբերգական մի հարց՝ որտե՞ղ է մեր տունը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում