Համայնքապետարանների աշխատակիցների այցը խոշորագույն արևային կայաններ
EconomicsՀունիսի 23-ից 24-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Քաղաքապետերի դաշնագրի անդամների համար նախատեսված թվով ութերորդ կրթական սեմինարը։ Սեմինարի 35 մասնակիցները՝ ներառյալ համայքնապետների ներկայացուցիչները, Քաղաքապերեի դաշինքի ազգային համակարգողը, համախոհները, գործընկերներն ու փորձագետները, հյուրընկալվեցին «Շտիգեն» ընկերության կողմից նախագծված, մատակարարված, կառուցված ու սպասարկվող արևային կայաններում։
«Շտիգեն»-ի հետ համագործակցության արդյունքում առաջինը ուր այցելեցին սեմինարի մասնակիցները, «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրն էր։ Այս համալիրի երկու լողավազանների ջրի տաքացման, ինչպես նաև օրական մինչև 1․000 այցելուների ցնցուղի ջրի ապահովման համար դեռևս 2017 թվականին «Շտիգեն»-ի կողմից տեղադրվել է արևային ջրատաքացման համակարգ (արևային ջերմային համակարգ)։ Համակարգի մեջ մտնող 14․520 վակուումային խողովակները այն դարձնում են տարածաշրջանում ամենամեծը․ համեմատության համար հարկավոր է նշել, որ 4-6 հոգանոց ընտանիքների ողջ կենցաղային տաք ջրի կարիքները բավարարվում են ընդամենը 20-30 վակուումային խողովակներով։ Այս կայանի շնորհիվ ընկերության գազի ծախսի տարեկան խնայողությունը կազմում է մոտ 30մլն դրամ։ Կայանը կարող եք տեսնել սույն հղումով։
Բացի արևային ջերմային կայան այցից, սեմինարի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց նաև այցելել Հրազդան համայնքում գտնվող «ԱրՍան 1» և «ԱրՍան 2» արդյունաբերական ֆոտովոլտային կայաններ։ Գումարային 2,2ՄՎտ ֆոտովոլտային հզորությամբ այս արևային կայանները շահագործման են հանձնվել 2019 թվականին։ Մասնակիցներին ներկայացվեց տեղադրման պահին ամենաժամանակակից երկկողմանի կիսաբջիջ (Bifacial Half Cut cell) վահանակների առանձնահատկությունները և ինժեներական ու նախագծման յուրահատուկ լուծումները, որոնց շնորհիվ կայանները պլանավորված 3,4ԳՎտ*ժ-ի փոխարեն արտադրում են տարեկան 3,7ԳՎտ*ժ էլեկտրաէներգիա։ Այցի ժամանակ «Շտիգեն» ընկերության մասնագետները տվեցին համապարփակ պատասխաններ մասնակիցների հնչեցրած հարցերին, ինչպես օրինակ՝ մոնոկրիստալ և պոլիկրիստալ վահանակների տարբերությունները, ինքնավար արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության, սեփական սպառման ու Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ փոխհոսքերի հաշվարկման ընթացակարգի, արդյունաբերական կայանների առանձնահատկությունների և էներգետիկ համակարգում դրանց ստրատեգիական նշանակության վերաբերյալ։
Մասնակիցները հեռացան արևային էներգետիկային վերաբերող գիտելիքների նոր պաշարներով, հետաքրքիր հուշերով և օգտակար նվերներով։