Տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը
BlogԱյսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Ողջույնի խոսքից հետո Դավիթ Սարգսյանը ներկաների և քաղաքապետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորել է ավագանու անդամ Արեն Արկադիի Խաչատրյանին՝ ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ, հոբելյարին մաղթել է առողջություն ու հաջողություններ՝ կյանքի բոլոր բնագավառներում:
Հաջորդիվ ավագանու քննարկմանը ներկայացվեց բուն օրակարգը:
Համայնքի բյուջեի 2021թ-ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը: Այսպիսով՝
Հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր մուտքերը կազմել են 765951.4 հազ.դրամ, կատարողականը՝ 89%:
Ընդհանուր մուտքերի 26.5%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը՝ 81%:
Բյուջեի ընդհանուր եկամուտների 73.5%-ը կազմել է պետական դոտացիան, կատարողականը՝ 92.3%:
Համայնքային բյուջե մուտքագրված այլ եկամուտները կազմել են 7291.4 հազ.դրամ, կատարողականը՝ 32.2%:
Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը ֆինանսավորվել են 764883.2 հազ. դրամի չափով, կատարողականը՝ 88.8%: Ավագանին որոշեց.
քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնել ավագանու անդամներին՝ ծախսերի փոխհատուցման նպատակով,
համաձայնություն տալ համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք բնակելի և ոչ բնակելի տարածքների տնօրինմանը վերաբերող նախագծերին,
փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ Գագիկ Իշխանյանին:
Եզրափակելով նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկաներին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել համաքաղաքային խնդիրների կարգավորման գործում: