Թուրքիան մեր եղբայրն է
International news«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր.
«Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»:
Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT Arabi»-ն տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:
«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք: Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա և ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսելու ցանկություն ունենալ»:
Խոսնակ Մյուջահիդը նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աֆղանները պատասխանատու են Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական ներկայացուցչությունների և դեսպանատների անվտանգության համար, և որ ցանկացած այլ վերաբերմունք նրանք համարում են միջամտություն երկրի ներքին գործերին:
Թալիբան - իսլամիստական ծայրահեղական շարժում, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը:
Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելն է և շարիաթի օրենքներ հաստատելը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։