«Հայաստանի ղեկավարությունը նաև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց է հրաժարվում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ընդհանուր առմամբ, բանակցություններ ասվածը տարբեր խողովակներով ընթանում էին ու ընթանում են, այդ թվում՝ ոչ միայն պաշտպանության, այլ գուցեև արտաքին գործերի նախարարությունների, երկրի ղեկավարների ադմինիստրացիաների խողովակներով: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածության ֆոնին ՀՀ ՊՆ-ի կողմից հայտարարված սպասվելիք բանակցությունների մասին, ինչն անակնկալ էր հանրության համար: Ըստ քաղտեխնոլոգի, իրականում ոչ մի արտառոց բան չկա:
«Կարծում եմ՝ երկու կողմերի քաղաքական ղեկավարության՝ առաջին դեմքերի կողմից արդեն իսկ սեղանին որոշակի փաստաթուղթ կա, և պաշտպանության նախարարներն արդեն եղած փաստաթղթի կոնկրետացմամբ են զբաղվում՝ գործն արդեն հասել է դետալների ճշտմանը: Որևէ ակնառու բան չկա այն առումով, որ դեռ ավելի վաղ գաղտնազերծված փաստաթղթի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն կստորագրի, եթե Ադրբեջանը դեմ չլինի: Բացի այդ, փաստաթուղթը հայանպաստ էր որակել: Ու հիմա էլ, ըստ էության, կառավարության նիստում բողոքում էր, որ Ադրբեջանն է տորպեդահարում ինչ-որ փաստաթղթեր ու պայմանավորվածություններ»,-ասաց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի, ինչպես նաև ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման հետ, որի անհնարինության պարագայում, ըստ Փաշինյանի, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, Վ. Հակոբյանը նշեց. «Փաշինյանը դեռ ընտրություններից առաջ իր վարած՝ իբր քաղաքականությունն է շարունակում: Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև աստիճանաբար սկսում է հրաժարվել նաև բուն ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց՝ անվտանգության երաշխիքի լիազորությունները փոխանցելով երկրորդ կողմին: Դա կլինի ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը, թե, ինչպես Փաշինյանն է ասում, այլ միջազգային կառույցներ, այլ հարց է: Բացի այդ, Ն. Փաշինյանը փորձում է այդ սահմանների հարցը աշխարհաքաղաքական սակարկության դնել. «առաջին գիշերվա իրավունքը» ձևականորեն տալիս է Ռուսաստանին՝ ասելով՝ միևնույնն է՝ մեկը պիտի պահի մեր սահմանները, եթե ուզում եք՝ առաջինը ձեզ ենք առաջարկում, բայց եթե հանկարծ հրաժարվում եք, կներեք, բայց միևնույնն է՝ մեկին պիտի տանք, կդիմենք մյուս կողմերին:
Օրինակ՝ ֆրանսիացիներին, մի օր էլ գուցե ասի՝ ՆԱՏՕ-ին: Այս մանևրն է անում: Այստեղ ինչ-որ տեղ սակարկությունների, ինչ-որ տեղ նաև շանտաժային մարտավարություն է այն իմաստով, որ եթե չհամաձայնեք, ուրիշներին ենք բերելու: Հայաստանն այլևս ոչ միայն նաև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը չէ, այլև անգամ չի ուզում լինել: Փաստացի ասվում է՝ չեմ ուզում սահմանները պահեմ, աճուրդի եմ դնում՝ ո՞վ ավելի լավ պայմաններով կգա»:
Հաշվի առնելով նոյեմբերի 9-ից հետո առկա իրավիճակը, այս ընթացքում ստորագրված փաստաթղթերն ու դրանցից բխող պարտավորությունները՝ մեր զրուցակիցը հավելեց. «Բացի այդ, գոյություն ունեն նաև որոշակի բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին բացահայտ խոսվել է: Դրանք պետք է ի կատար ածվեն, և, ի վերջո, այդ բանավորը նոր փաստաթղթերի, նոր համաձայնագրերի տեսք է ստանալու: Այդ պայմանավորվածությունների շրջանակում այսօրվա իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնակատարն ունի որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարի: Այժմ այդ պարտավորությունները կատարելու տեխնոլոգիական փուլում ենք: Հիմա ինչ-որ տեղ կիրառվում է 44-օրյա պատերազմի տեխնոլոգիան: Այսինքն՝ սարսափի, վախի, կորուստների մթնոլորտ է ստեղծվում, որի պայմաններում մեր երկրի լրիվ կոտրված բնակչությունը ցանկացած զիջում կարող է որպես, այսպես ասենք, փրկության հերթական դրսևորում ընդունել:
Ավելին, կարող է նույնիսկ իր «ընտրյալից» պահանջել դա, որ հարցը փակվի, ու էլ կորուստներ չլինեն: Իհարկե, Փաշինյանը փորձում է հնարավորինս ձգել գործընթացը, նաև փորձում է ներքին քաղաքական ասպարեզում պատասխանտվությունը կիսել այլ քաղաքական ուժերի հետ: Այդ նպատակով փորձում է նաև արտախորհրդարանական ինչ-որ նոր հարթակներ ձևավորել, որովհետև այդ գործընթացը միայնակ իրականացնելու ցանկություն չունի: Ուզում է արբանյակ քաղաքական ուժերի հետ իբր միասնական ճակատով կիսել այդ ամենը: Մանևրում է, ինչպես նշեցի՝ նաև աշխարհաքաղաքական ինչոր սակարկություններ է փորձում անել:
Միևնույն ժամանակ նման՝ մանավանդ աշխարհաքաղաքական խաղեր խաղալու համար երկիրը, իշխանությունը և ղեկավարը պետք է համապատասխան ռեսուրսներ ունենան՝ սկսած անձնական ունակություններից, վերջացրած սակարկություն անելու ֆինանսատնտեսական, ռազմաքաղաքական, հասարակական ռեսուրսներով»:
Նա շեշտեց, որ չի կարծում, թե ՀՀ-ն այսօր ունի նման խաղեր տալու ռեսուրսներ՝ մանավանդ պատերազմում պարտություն կրելուց ու այն թղթի վրա արձանագրելուց հետո: «Աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց միջև ընտրական գործընթացների շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս էր ձևավորվել, յուրաքանչյուրն ունի իր շահը, որը ստացել ու ստանալու է: Այստեղ որևէ շահ չի երևում ՀՀ-ի, նաև Արցախի Հանրապետությունից մնացածի առումով: Մենք հիմա բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունների իմպլեմենտացիայի հերթական տեխնոլոգիական փուլում ենք: Այս կրակոցները, գրավումները, երկու կողմերից հնչող ամպագոռգոռ և ոչ ամպագոռգոռ հայտարարությունները նշվածի նախապատրաստման առնվազն քարոզչական փուլի մասին են վկայում»,-հավելեց Վ. Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև օգոստոսի 2-ին սպասվելիք ԱԺ առաջին նստաշրջանին ու ընդդիմության անհրաժեշտ դիրքավորմանը:«Եթե ընդդիմությունն իրեն որպես արմատական է դիրքավորել, ապա իրենց մոտեցումները և գործիքակազմը պետք է համապատասխանեն այդ քաղաքական դիրքավորմանը: Այսինքն, եթե խոսքը, ենթադրենք, կոնկրետ երկրի անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին, նաև, օրինակ՝ առանց Արցախի խնդրի կարգավորման ինչոր խաղաղության պայմանագրեր ստորագրելու գաղափարի մասին է, ապա պարզ է, որ այդ ընդդիմությունը պետք է հանդես գա ամենակտրուկ և կոշտ դիրքորոշմամբ, որովհետև ինքն է իրեն արմատական ընդդիմություն հայտարարում: Կարծում եմ՝ ամեն դեպքում, արմատական ընդդիմության երկու դաշինքներն էլ լավ հասկանում են, որ հասարակության կողմից կան նաև արմատական ու կոշտ գործունեության սպասումներ:
Ընդ որում, համապարփակ գործունեություն, երբ խորհրդարանական ամբիոնն ու փողոցն իրար հետ փոխկապակցված են գործում: Հարկ է ընդգծել նաև քարոզչական դաշտի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընդդիմությունն ունի նաև քարոզչական բավականին ազդեցիկ ռեսուրսներ: Այդ քաղաքական ուժերը, իմ կարծիքով, իրենց գործողություններով պետք է բավարարեն արմատական ընդդիմադիր ընտրազանգվածի այդ սպասումները: Բացի այդ, օգտվելով իշխանության թուլությունից մասնավորապես արտաքին քաղաքական դաշտում ու օգտագործելով նաև նոր ճգնաժամերը՝ պետք է փորձեն իրենց գործողություններով ընտրություններին չմասնակցածների 50 տոկոսի մի մասին էլ դեպի իրենց կողմ ներգրավել»,- ասաց քաղտեխնոլոգը:
Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև դեռ գործող ԱԺ-ին, որը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել և սահմանային իրավիճակին զուգահեռ երրորդական, եթե չասենք տասներորդական ու զավեշտալի նախագծեր էր քննարկում՝ փորձելով վերջին օրով ամեն գնով «սղացնել» դրանք: «Ես նույնիսկ բովանդակության մասին չեմ խոսում: Երբ սահմաններին կրակում են, ու հանկարծ արտահերթ նիստ են անում ու որոշում, որ, ենթադրենք, իրենց գրպանի ծախսը պետք է 500 դոլար դարձնեն, պարզ է, որ այնտեղ նստած զանգվածն առնվազն ոչ ադեկվատ է: Ամենազավեշտալի նախագծերը հարմար, երկրի բարգավաճման ֆոնին կարող են անցողիկ լինել, բայց երբ կրակում են, ու նման նախագծեր են բերվում, պարզ է, որ դրանով էլ ավելի է արժեզրկվում գործող իշխանությունն ու գործող խորհրդարանը:
Մյուս կողմից, ըստ էության, մարդիկ, ովքեր շատ պատահական այս իշխանության հետ եկան խորհրդարան, և ոմանց համար ԱԺ-ն իրենց աշխատատեղն էր, որևէ եկամուտ չունենալուց հետո սկսեցին բյուջեից բավականին բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանալ: Տեսան, թե ինչ է արտասահմանը, ոմանք իմացան՝ ինչ բան է ծառայողական մեքենան, փողը և շատ դժվար են հրաժարվում այդ բարիքներից: Պարզ է նաև, որ նման նախագծերն ավելի դժվարությամբ են անցնելու հաջորդ խորհրդարանում: Իհարկե, կարող են անցնել, բայց հանրային մեծ աղմուկով: Նոր խորհրդարանում լրիվ ուրիշ որակի ընդդիմություն է լինելու՝ այլ գործիքակազմով, այլ տրամաբանությամբ, այլ դուխով: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ այդ ամենը հանրային շատ մեծ ռեզոնանս կարող է ունենալ, որովհետև այնտեղ կա և՛ փողոց, և՛ բոլոր առումներով ավելի մարտունակ ընդդիմություն: Ի տարբերություն նախորդի՝ այս ընդդիմության հնարավորությունները, ունակությունները և տրամադրվածությունները շատ ավելի են»,-նշեց Վիգեն Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում