Քաղաքացին խաբել է անհետ կորած զինվորի հորը և պահանջել 30 000 դոլար, իբր անհետ կորած զինծառայողին Բաքվից ՀՀ տեղափոխելու համար
SocietyՔաղաքացին մեղադրվում է պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայող Հենրիկ Ասատրյանի հորից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադերբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձ: Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է որ Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:
Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ասլանյանից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:
Վարդան Ղուկասյանը կալանավորված է: