Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին
InterviewՄեր զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը
Օրերս Ազգային ժողովը հայհոյանքը քրեականացնելու վերաբերյալ օրենք ընդունեց, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Շատերը նշում են, որ նման տարբերակով օրենքի ընդունումը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից: Դուք ինչպե՞ս եք գնահատում, արդյոք իշխանությունը կարողացավ հիմնավորել, թե ինչու է այսպիսի փոփոխությունների գնում:
Մեծ հաշվով այս օրենքը խնդիրը չի լուծի, եթե թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական վերնախավը իրենց բառապաշարից չբացառեն կամ գոնե նվազագույնի չհասցնեն հայհոյախառը արտահայտությունները և կոնսենսուսի չգան, որ քաղաքական պայքարը շարունակելու են առանց դրա, քանի որ դա իր կործանարար ազդեցությունն է թողնում նաև հասարակական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ օրենքին, ապա այն ունի այնպիսի ձևակերպումներ, որոնք սուբյեկտիվության մեծ դաշտ են բացում և պահանջները հստակ ձևակերպված չեն: Այդ պատճառով մի արտահայտություն մեկի կողմից կարող է ընդունվել որպես ծանր վիրավորանք, իսկ մյուս կողմից՝ ոչ: Բայց եթե մենք հաշվի ենք առնում, որ պաշտոնյաները, քաղաքական բարձրաստիճան գործիչները շատ հաճախ սուր բառապաշարով քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք և այդ պարագայում կարող է կիևրառվել նաև այս քրեական պատասխանատվությունը, որը շատ մտահոգիչ է: Քանի որ երկրորդ կետը վերաբերում է հենց հանրային տիրույթում, այդ թվում նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կիրառվող խոսքին, ապա լրագրողները շատ հաճախ կարող են զբաղվել նաև ինքնագրաքննությամբ, որովհետև փաստորեն որևէ սուր խոսք կիրառելիս որոշ վտանգ է առաջանում քրեական պատասխանատվության ենթարկվելու: Ճիշտ է, օրենքի հեղինակներից մեկը կապվեց ինձ հետ և փորձեց ապացուցել, որ սա բացառապես հայհոյանքին է վերաբերում, ես հակադարձեցի, որ եթե բացառապես հայհոյանքին է վերաբերում, ապա պետք էր հենց այդպես էլ ձևակերպել: Ամենակարևոր հանգամանքը պետք էր հաշվի առնել՝ դիտավորությամբ վիրավորելու նպատակը: Այսինքն եթե արտահայտության հեղինակը որևէ այլ նպատակ չի ունեցել, քան վիրավորելը և դիտավորությամբ հայհոյել է, սա մի բան է, բայց եթե խոսքը հանրային նշանակության տեղեկատվության մասին է, որը ուղեկցվել է սուր բառերով, ընդհուպ հայհոյանքով այդ նույն ֆեյսբուքում, ապա այդ խոսքը պետք է պաշտպանված լինի: Մասնավորապես, մենք կարող ենք վերհիշել նույն Շուշիի անկման օրերին, թե ինչ հակասական տեղեկատվություն էր գալիս, պաշտոնականը մի բան էր ասում, այլ աղբյուրներից այլ տեղեկատվություն էր գալիս, և այդտեղից շատ հնարավոր էր, որ լրագրողը, որը տեսնում է, թե ինչի պատճառով է և ինչպես է հանձնվում Շուշին, կարող էր այդ կարևոր տեղեկատվությունը զուգորդել նաև շատ սուր բառապաշարով: Բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսվի կարևոր ինֆորմացիան և ուշադրությունը սևեռվի հենց սուր խոսքի, վիրավորանքի կամ նույնիսկ հայհոյանքի վրա:
Նշվում է, որ այս փոփոխություններով իշխանությունը փորձում է պաշտպանվել, փոխանակ ինքը որոշակի աշխատանք տանի իր վրա այդ հայհոյանքի բառապաշարը չկիրառելու, ֆեյքերի միջոցով դրանք չիրականացնելու վրա:
Այո, այնտեղ առանձին դրույթ կա, որը վերաբերում է հանրային գործունեությամբ զբաղվողներին, և իհարկե, այդտեղ նկատի ունեն առաջին հերթին պաշտոնատար անձանց, և սա ուղղակի հակասում է միջազգային, նախևառաջ եվրոպական մոտեցումներին, որ պաշտոնատար անձը շատ ավելի հանդուրժող և պատրաստ պետք է լինի ցանկացած քննադատություն ընդունելու, լսելու և այդ քննադատությունը կարող է լինել նաև շատ կոշտ, որոշ դեպքերում նույնիսկ ցավոտ: Առհասարակ, պաշտոնյան ոչ թե պետք է էլ ավելի պաշտպանված լինի, քան շարքային քաղաքացին, այլ ճիշտ հակառակը: Շարքային քաղաքացուն այդ պաշտպանությունը պետք է ավելի շատ վերաբերի, քան պետական պաշտոններ զբաղեցնողներին: Այնպես որ, այս առումով էլ մոտեցումը հակասում է միջազգային մոտեցումներին:
Խորհրդարանում անվտանգության միջոցառումներն են խստացվում, լրագրողների ազատ գործելու տարածքներն են սահմանափակվում: Տարբեր իրավապաշտպան միջազգային կառույցներ նշում էին, որ Հայաստանում առաջընթաց կա խոսքի ազատության առումով, հիմա այս ամենից հետո արդյոք նահանջ չե՞նք արձանագրի:
Ես այստեղ կառանձնացնեի, իհարկե, օրենսդրական նախաձեռնություններն անվտանգության միջոցառումներից: Կարծում եմ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է մեզ համար դաս ծառայեն: Մանավանդ, երբ խոսքը խորհրդարանական կառավարման մասին է, և խորհրդարան են գալիս նաև կառավարության անդամները, վարչապետը, անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը շատ բարձր է, այդ թվում նաև հաշվի առնելով ծայրահեղ սուր քաղաքական հակամարտությունը, որտեղ բացահայտ բռնության, սպանության կոչեր և մտադրություններ են հնչում: Այս պայմաններում, իհարկե, պետք է անվտանգության մակարդակը բարձրացվի: Դա վերաբերում է նախևառաջ հենց պատգամավորների անցուդարձին: Դե եթե պատգամավորների նկատմամբ այդպիսի խստացում է կիրառվում, հնարավոր է նաև լրագրողների նկատմամբ կիրառվի: Բայց ինչ վերաբերում է լրագրողներին, դեռ որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա, որպեսզի մենք իմանանք, թե ինչ չափի, ինչ սահմանափակումներ են նախատեսվում: Եթե դա ընդամենը նույնն է, ինչ որ պատգամավորների նկատմամբ, դա մի հարց է, բայց եթե լրագրողներին ընդամենը մի սրահ են տրամադրելու և ասելու են՝ սրանով եզրափակվեք և չմոտենաք պատգամավորներին, սա սկզբունքորեն այլ բան կլինի: Դրա համար ես առայժմ ձեռնպահ եմ մնում գնահատականներից, մինչև կոնկրետ փաստաթուղթ կամ կոնկրետ պարզաբանում բարձրաստիճան պաշտոնյաներից չլսենք: Ես իհարկե կարդացել եմ պատգամավորի գրառումը ֆեյսբուքում, բայց այդտեղ այնուամենայնիվ, դեռ մտադրությունների մակարդակով է խոսվում, և այդ մի պատգամավորից ամեն ինչ կախված չէ: Այնուամենայիվ, հուսով եմ, որ այն սահմանափակումները, որոնք կկիրառվեն, ողջամիտ կլինեն, եթե ոչ, ապա ինչպես այս ընդունված օրենքը, մեր կողմից շատ կոշտ քննադատության կարժանանան: Կարծում եմ՝ դա կնկատեն նաև միջազգային կառույցները: Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ, նեգատիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկանիշին: