Նույն իշխանությունն է, նույն գործելաոճը... .«Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ մեկնարկեց նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Նիկոլ Փաշինյանն էլ ավտոմատ կերպով նշանակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Պարզ է, որ երկրում խորհրդարանական պայքարը նոր թափ է ստանալու, սակայն դեռևս բազմաթիվ հարցականներ կան, թե իշխող քաղաքական թիմն ինչ դիրքորոշում կորդեգրի հետագա քաղաքական ճանապարհի ընտրության տեսանկյունից։ Այս հարցում հնարավոր է երկու տարբերակ։ Մի ճանապարհը քաղաքական կառուցողական դիսկուրսի ճանապարհը և ատելության խոսքից հրաժարվելու ուղին է, իսկ մյուսը՝ քաղաքական վենդետաների ու թշնամական առճակատման ճանապարհն է, որի մասին նախընտրական շրջանում հայտարարում էր Փաշինյանը՝ մուրճով սպառնալով ընդդիմությանը։
Սակայն նորընտիր խորհրդարանի առաջին նիստում իսկ պարզ դարձավ, որ իշխանություններն ընթանում են կոշտ դիրքորոշման և քաղաքական հետապնդումների ճանապարհով։ Այլապես ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու անդամները չէին մնա կալանքի տակ։ Ու այս գործելակերպը տեղավորվում է իշխանական դիրքորոշմանը չսատարող համայնքապետերից քաղաքական առումով վրեժ լուծելու Փաշինյանի հայտարարությունների շրջանակներում։ Ըստ այդմ, պատգամավորներին կալանքի տակ պահելու հանգամանքը իշխանությունները փորձում են արդարացնել նրանով, թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև մանդատ ստանալը, և նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։
Սակայն գրեթե բոլոր իրավաբանները, այդ թվում՝ նույն դատախազության աշխատակիցների դասախոսներն ու համապատասխան դասագրքերի հեղինակներն ընդգծում են, որ, ինչպես նշում է իրավաբան Արթուր Ղամբարյանը, եթե «անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը»։ Իսկ համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, և պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից։ Այսինքն, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։ Իսկ քանի դեռ տվյալ պատգամավորների հետ կապված ԱԺ-ն իր համաձայնությունը չի տվել, ապա նրանք պետք է ազատ արձակվեն։
Իրավաբանական մասնագիտական համայնքը անտրամաբանական և իրավական առումով ոչ հիմնավոր է համարում պատգամավորներին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատախազության պարզաբանումները։ Որպես արդյունք՝ հնչում է նաև քաղաքական գնահատական, որ, ըստ էության, դատախազությունը վերածվել է իշխանությունների քաղաքական քմահաճույքները կատարող կառույցի։ Մի խոսքով, ինչպես ցույց տվեց ԱԺ առաջին իսկ նիստը, այս իշխանություններն ինչպես երեք տարի շարունակ, կոպիտ ասած, թքած են ունեցել օրենքի վրա, այժմ էլ շարունակում են նույն գործելաոճը։ Մյուս կողմից՝ նրանք շարունակում են իրենց պահվածքը, թե՝ մեծամասնությունը մենք ենք, ինչ կուզենք, կանենք: Սակայն այս հարցում իշխանություններին լուրջ հիասթափություն է սպասվում՝ էական հակազդեցության տեսքով։
Հարցն այն է, որ առաջին իսկ նիստում խորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ մի կողմից՝ իրենց քաղաքականությունը հիմնարար, առաջնային հարցերում կառուցում են միասնական օրակարգից ելնելով, մյուս կողմից՝ որ միասնական և կուռ դիրքորոշում ունեցող, մտավոր բարձր որակներ ունեցող ընդդիմության գործունեությունը ծանր օրեր է խոստանում իշխանություների համար։ Եվ նրանք ի վիճակի չեն լինելու թերի, խնդրահարույց, օրենքին հակադիր և հատկապես նաև երկրի շահերից չբխող նախաձեռնությունները անցկացնել հեշտությամբ, ինչպես երազում են...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում