Լեւոն Աղասյանը՝ Տոկիոյից․ Այնքան եմ համառություն անելու, մինչեւ չեմպիոն դառնամ
SportՕլիմպիական մրցելույթում ինձ պակասեց ցատկի զգացողությունը: Հաջորդ անգամ կստացվի, կանգ չենք առնում:
Այսպես իր օլիմպիական մրցելույթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից մեկնաբանեց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը չկարողացավ հաղթահարել եռացատկի մրցման նախնական փուլի արգելքը:
«Օլիմպիական մրցելույթում ինձ պակասեց ցատկի զգացողությունը: Չէ, ուշացավ այսպես ասած: Պատրաստ էի ֆիզիկապես եւ հոգեպես։ Մի պահ բաց թողեցի զգացողությունը եւ վերջ։ Երրորդ ցատկը համեմատաբար լավն էր, չնայած ցատկատախտակը տրորեցի։ Այդ ցատկով պետք է սկսեի մրցույթը։
Կանգ չենք առնում, շարունակում ենք: Հաջորդ անգամ կստացվի: Այնքան եմ համառություն անելու, մինչեւ չեմպիոն դառնամ»,- ասաց Լեւոն Աղասյանը:
Օգոստոսի 3-ին կապանցի եռացատկորդը հանդես եկավ B խմբում եւ գրանցեց 16,42 մետր արդյունք: Այս խմբում Աղասյանը 16 մասնակիցների մեջ 11-րդ տեղը զբաղեցրեց: Նրա անձնական ռեկորդը 17,16 մետր է։ Լեւոն Աղասյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում: Սա նրա երկրորդ Օլիմպիական խաղերն էին:
Լուսինե Շահբազյան