Կառավարության դիմացից տեղ չենք գնա, մինչև մեր հարազատներին վերադարձնեն. ռազմագերու եղբայր
SocietyԿառավարության դիմաց այս պահին ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում գերեվարված հայ զինծառայողների հարազատները: Ըստ «Փաստինֆոյի»՝ նրանք նշում են, որ հանդիպում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հանդիպել գերեվարվածների հարազատներին, պարզաբանելով, թե օրակարգում նման հարց չկա:
Հարազատները Կառավարության դիմաց են եկել «Ազատ արձակել հայ ռազմագերիներին» պաստառներով: Կառավարության շենքի դիմաց նաև մեծ թվով ոստիկաններ կան:
Գերեվարված հայ զինծառայողի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, ասել է, որ եկել են Կառավարության դիմաց, որպեսզի հասկանանք՝ ինչ ճակատագիր է սպասվում մեր գերեվարված հարազատներին և նրանց վերադարձի մասին տեղեկություն ստանալու: :
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել գերիների հարազատների հետ՝ պարզաբանելով, թե այսօրվա օրակարգում նման հարց չկա, իրենք էլ պատրաստվում են Կառավարության դիմաց մնալ այնքան ժամանակ, մինչև Փաշինյանն ընդունի:
Տիգրանը նաև նշեց, որ գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա, տեղեկություններ իմանում են միայն մամուլից, ԱԱԾ-ից և մարզպետարաններից, երբեմն էլ Կառավարությունից.
«Ութ ամիս սպասել ենք, հետո եկել ենք եզրակացության, որ պետք է Կառավարության դիմացից տեղ չգնանք, մինչև մեր հարազատներին վերադարձնեն: Միշտ մեզ հավաստիացրել են, թե գերիներին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց է գնում, բայց տեսնում ենք, որ այդ գործընթացի արդյունքում մեր տղաները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման»,-ասաց նա:
Ռազմագերու հարազատը լրագրողներին նաև հայտնեց, որ ոստիկանները խոչընդոտել են իրենց ակցիան՝պարզաբանելով, թե հասարակական կարգ են խախտում: