Տիգրան Ավինյանն արհամարհեց մեզ. ռազմագերու հայր
SocietyԿառավարության շենքի դիմաց մեր խաղաղ բողոքի ակցիան ենք անում, որ իմանանք, թե երբ են մեր երեխաները գալու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, Կառավարության շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Բաքվում պահվող ռազմագերու հայրը։
«Էս 8 ամիս է մեզ խաբում են, իսկ Բաքվում մինչեւ 6 տարով մեր գերիներին ազատազրկում են։ Էլ ինչի՞ն ու ինչքա՞ն սպասենք։ Մենք խաղաղ ակցիա ենք անում, որ աշխարհը տեսնի, գոնե կարողանան մի բան անեն, մեր երեխեքին էնտեղից բերեն։ Ամսվա սկիզբ մտնում ենք Կառավարություն, փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, չնայած, 8 ամիս է գլխներիս տակ փափուկ բարձ չենք կարում դնենք, իսկ իրենց գլխի տակ կա։ Մենք իրենցից էլ ակնկալիք չունենք, մարդիկ մեզ չեն ընդունում, թե ո՞վ է զբաղվում մեր երեխեքի հարցով՝ չգիտենք, ո՞ր կառույցին դիմենք, որ իմանանք՝ մեր երեխաները երբ են գալու, սպասենք՝ 6 տարին անցնի, նոր գա՞ն»,– նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը գերիների հարցով էր զբաղվում, քիչ առաջ մտավ Կառավարության շենք, մոտեցա՞վ իրենց, ռազմագերու հարազատն ասաց.
«Նկատեց, որ նստած էինք, արհամարհեց, գնաց ներս, իրենք իրենց աթոռի կռիվն են անում։ Էսօր ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչքան հերոս տղերք կան էնտեղ եւ երբ պիտի վերադառնան»։