Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը
AnalysisԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ամենահուզող հարցը երկրի անվտանգությունը չէ, կործանված տնտեսությունը չէ, իրենց մեղքով տապալված բարեփոխումները չեն։ Նրանց ամենաշատը հուզում է ընդդիմադիրների ունեցվածքը, կանանց օժիտներն ու ստացած աշխատավարձերը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նիկոլական պատգամավորները մի քանի անգամ, տարբեր ձևակերպումներով փորձեցին պարզել, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին տուն Իսպանիայում, երկու բնակարան Երևանում, Այվազովսկու և Սարյանի կտավներ։ Ի վերջո, Վահե Հակոբյանի ունեցվածքի օրինականության հարցը կարող են պարզել այս իշխանությունների կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները, որոնք, սակայն, որևէ ջանք չեն գործադրի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինությունները պարզելու ուղղությամբ։ Այլոց կտավների և վարկերի մասին մտահոգվող իշխանականները, սակայն, բառ անգամ չեն խոսի իրենց շարքերում ծպտված, հայտարարագրերում ունեցվածքի մասին չգրող պատգամավորների մասին։
Մամուլը բազմիցս է գրել վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավականող Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ու խոշոր ունեցվածքի մասին, մինչդեռ հայտարարագրում որևէ բառ այդ մասին գրված չէ։ Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների, Աղաջանյանի ընտանիքին են պատկանում «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Մոսկովյան փողոցում գտնվող «Բել Էտաժ» ֆրանսիական շքեղ ռեստորանը։ Նույն այդ Աղաջանյանին էր խորապես հուզում, թե ինչպես է պատգամավորի աշխատավարձով Վահե Հակոբյանը փակելու Երևանում երկու բնակարանների և Իսպանիայում գտնվող առանձնատան վարկերը։ Նա, իհարկե, բառ անգամ չի ասի, թե որտեղից իր խանութների ցանցն ու ֆրանսիական ռեստորանը։ Ուրիշի աչքի փուշը նկատող նիկոլականները չեն ցանկանա, որպեսզի հանրությունն իմանա իրենց կենսագրության ոչ այնքան պայծառ դրվագները։ Եվ Էդուարդ Աղաջանյանը միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ բավական լուրջ ունեցվածք ունի կամ ձեռք է բերել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո։ Ընդդիմությունն էլ, կարծես, հակված չէ հայտնաբերելու իշխանականների ունեցվածքը, պարզաբանումներ պահանջելու դրա ծագման վերաբերյալ։
Լևոն Պետրոսյան