ԱՄՆ-ը Թունիսի նախագահին կոչ է արել նոր վարչապետ նշանակել
International newsԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները եւ Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Ջոուի Հուդը Թունիսում հանդիպել են նախագահ Կաիս Սաիդի հետ եւ նրան հայտնել նոր վարչապետ նշանակելու կարեւորության մասին, հաղորդել է AFP-ն:
ԱՄՆ ներկայացուցիչները Թունիսի նախագահի հետ քննարկել են «անհապաղ նոր վարչապետ նշանակելու անհրաժեշտությունը, որը կձեւավորի ընդունակ կառավարություն՝ ունակ արձագանքելու Թունիսում տնտեսության եւ առողջապահության ոլորտներում առկա ճգնաժամին», - նշվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ:
Ֆայներն ու Հուդը Սաիդին փոխանցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը, որը «խորհրդարանական ժողովրդավարության ուղուն վերադառնալու՝ Թունիսին ուղղված կոչ» է պարունակել:
Հուլիսի 25-ին Կաիս Սաիդը հայտարարել է խորհրդարանի գործունեությունը 30 օրով կասեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի հրաժարականի մասին: Բանակի ստորաբաժանումներ են բերվել հանրապետության մայրաքաղաք նույն օրը մի շարք խոշոր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որոնց մասնակիցները պահանջել են խորհրդարանի լուծարում, քաղաքական ռեժիմի փոփոխություն, ինչպես նաեւ հանրապետությունում համաճարակային եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկում: