Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բարձել.Ժողովուրդ
Society«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ: Նրանց խոսքերով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Գազ Պրոպան» ընկերության հետ եւ հետաքրքրվեց՝ ինչու հեղուկ գազ չկա եւ երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետեւանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ:
Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում եւս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,- նկատեց «Գազ Պրոպան» -ի ներկայացուցիչը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։