Գագիկ Ծառուկյանի վարկանիշը հանգիստ չի տալիս որոշ շրջանակների․ պատվերը պատվերի ետևից
AnalysisԳագիկ Ծառուկյանի վարկանիշը շարունակում է խաթարել որոշ շրջանակների անդորրը, և նրանք, պատվերը պատվերի ետևից կատարելով, ցեխարձակումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի նկատմամբ, ամեն օր նոր ապատեղեկատվություններ են տարածում։ Չնայած ԲՀԿ-ն հանրության ծայրահեղ բևեռացվածության պայմաններում չհայտնվեց խորհրդարանում, սակայն Գագիկ Ծառուկյանի վարկանիշը դեռ բարձր է մնում ժողովրդի մեջ։ Եվ դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը կրկին հայտնվել է որոշ «հայտնի» ԶԼՄ-ների թիրախում։
Նախօրեին կեղծ տեղեկություններ էին տարածել Ծառուկյանի որդու՝ բանակում չծառայելու փաստի վերաբերյալ, այսօր էլ ավելի հեռուն են գնացել իրենց մտավարժանքներում, ու ոչ ավելի, ոչ պակաս, գրել են, թե Փաշինյանի հրահանգով փակել են նրա դեմ հարուցված քրեական գործը։ Այն, որ ԱԱԾ-ն նույնիսկ չափազանց մեծ երևակայության դեպքում չէր կարողանում ապօրինություններ գտնել Գագիկ Ծառուկյանի դեմ, վաղուց էր հայտնի։ Բայց շատ ավելի մեծ երևակայություն է պետք ունենալ՝ հայտարարելու, իբր քրգործը փակել են Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման շնորհիվ։
ԲՀԿ առաջնորդը միշտ էլ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրի տնտեսական և քաղաքական հարցերը, մշտապես հանդես եկել սկզբունքային դիրքերից, իսկ նրա գործունեությունը, ի տարբերություն պատվերներ սիրող շրջանակների, թափանցիկ է և հրապարակային։ Եվ դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը տասնամյակներ շարունակ վայելել է ժողովրդի հարգանքը։ Իսկ այդպիսի մարդիկ նաև թշնամիներ են ունենում, որոնց միակ բանուգործը աշխատող ու ստեղծող մարդու դեմ թույն թափելն է։ Վստահ ենք՝ արձակված ցեխը չի կարող դիպչել Գագիկ Ծառուկյանին, իսկ այ ցեխ արձակողների բարոյական կերպարն այնպիսին է, որ նրանց մասին նույնը չենք կարող ասել։
Սարգիս Բաղդասարյան