Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
SocietyՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Դավթյանը հավելել է, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են:
Նշենք, որ «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները: