Ինչո՞ւ են խոչընդոտում դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացումը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմի արդյունքում Արցախյան հարցի շուրջ ունենք ձևավորված մի նոր իրադրություն, որի դասավորությունն ամբողջովին ի վնաս հայկական կողմի է։ Այն ձևավորվել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան։ Ներկայիս իրավիճակում հայկական կողմի համար դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ է բացվում, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, հմուտ դիվանագիտական մանևրների ու մտածված քայլերի կոմբինացիայի միջոցով կարելի է այնպիսի ձեռքբերումներ ունենալ, որ անհնար էր պատկերացնել ռազմական ուժի միջոցով այդպիսի պայմանների ստեղծումը։
Մինչ Հայաստանը կփորձի վերականգնել իր ռազմական ուժերի պոտենցիալը, այդ ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել դիվանագիտությանը և արտաքին քաղաքականությանը անհապաղ զարկ տալու նպատակով։ Այս հանգամանքի կարևորության մասին հասկանում են նաև թշնամական երկրում։ Պատահական չէ, որ Բաքուն ոչ միայն փորձում է իր արտաքին գործընկերների հետ համագործակցության որոշակի պլատֆորմներ ստեղծել, այլև ձգտում է ահռելի ֆինանսական ռեսուրսներ ներդնել այս ուղղությամբ։ Ադրբեջանն իր շահերն առաջ մղելու հարցում գործի է դնում իր նավթադոլարները՝ փորձելով օգտվել տարբեր երկրների գործիչներին կաշառելու հնարավորություններից։
Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի ահռելի ֆինանսական միջոցներ, որպեսզի դրանք անմիջապես գործի դնի իր շահերն առաջ տանելու հարցում։ Մեզ մնում է միայն հենվել դիվանագետների պրոֆեսիոնալ որակների վրա ու լավագույն ձևով օգտագործել սփյուռքի ունեցած ներուժը։ Դեռևս 2018 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է լրջորեն վերանայվի այն պրակտիկան, որ դեսպանների, հյուպատոսների պաշտոններին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, քանի որ այդ կարգի նշանակումները խոչընդոտում են ՀՀ դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացումը և խնդիրներ առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում։
Բայց Փաշինյանն իր գործելաոճին հավատարիմ չէր մնա, եթե իր կառավարման շրջանում չաներ այն ամենը, ինչը ժամանակին քննադատում էր։ Հիմա նա իր քաղաքական թիմակիցներին ուղարկում է դիվանագիտական աշխատանքի։ Սրանով Փաշինյանը կատարելագործման է հասցնում դիվանագիտական ապարատը իր քաղաքական թիմակիցներով լցնելու պրակտիկան։ Իսկ արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակումը թերևս կարելի է աննախադեպ երևույթ համարել, քանի որ վերջինս ոչ միայն կադրային դիվանագետ չէ ու դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, այլև ԱԺ նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն իջավ «շրիշակից» ցածր մակարդակի։ Միրզոյանի նշանակումը Փաշինյանը փորձում է հիմնավորել այն հայտարարությամբ, թե անհրաժեշտ է ԱԳՆ և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ԱԳՆ-ն պետք է պատասխանատվություն վերցնի երկրի ու պետության առջև, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի:
Թերևս Հայաստանի համար դիվանագիտական այս բարդ փուլում ԱԳՆ ղեկավարի պաշտոնում քաղաքական նշանակում կատարելով՝ Փաշինյանը կարծես թե հաստատում է այն խոսակցությունները, որ կադրային դիվանագետները ուղղակի չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ։ Դրանով էր պայմանավորված, որ նախկին արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Արա Այվազյանը, հաշվի առնելով իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունը, ինչ-որ մի պահից աննպատակահարմար գտան շարունակել իրենց պաշտոնավարումը։ Ստացվում է, որ, ըստ նույն Նիկոլ Փաշինյանի, հենց ինքն է այսօր «խոչընդոտում ՀՀ դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացումը և խնդիրներ առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում