Ադրբեջանը ցանկանում է լրացուցիչ տարածքներ ստանալ խաղաղության պայմանագրի անվան տակ. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
ritmeurasia.org-ը «Խաղաղության պայմանագիր. Բաքուն և Երևանը ընդհանուր հայտարարի չեն գալիս» վերնագրով հոդվածում գրում է, որ ցանկացած համաձայնություն նախատեսում է դիրքորոշումների համաձայնեցում և ընդհանրություն, ինչը չի կարելի ասել վերջերս արյունալի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հեռանկարի մասին: Հրադադարի մասին հայտարարությունը և մի շարք այլ փաստաթղթերը, որոնք ստորագրվել են ավելի ուշ, դեռևս չեն հանգեցրել երկու երկրների հարաբերություններում առկա խնդրի վերջնական լուծմանը, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը խոչընդոտում է պաշտոնական Երևանի և Բաքվի դիրքորոշումների հստակ հակադրությունը:
Ավելին, յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետի բացարձակ ճիշտ լինելը և կտրականապես չի ընդունում մյուս կողմի փաստարկները: Ո՞րը կարող է լինել այս բարդ իրավիճակից դուրս գալու ելքը, և արդյո՞ք ներկայումս կա խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: «ritmeurasia.org»-ը հարցեր է ուղղել երկու կողմերի վերլուծաբաններին: Հայ փորձագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով, այս դեպքում Ադրբեջանն է հանդիսանում խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնողը, որը ցանկանում է ամրագրել իր համար ձեռնտու պատերազմի արդյունքները: Հայաստանը, սակայն, շահագրգռված չէ ստորագրել համաձայնագիրը այն տեսքով, որով այն առաջարկվում է Բաքվի կողմից: «Ադրբեջանը ցանկանում է իր օգտին ամրագրել վերջին պատերազմի արդյունքը, որը նշանակալի տարածքների գրավումն է, ինչպես նաև ամրագրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը այն սահմանում, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի մնացած՝ չգրավված մասը:
Բաքուն առաջ է քաշում նաև մի շարք այլ պայմաններ, այդ թվում՝ Սյունիքով տրանսպորտային միջանցք և Հայաստանից նոր տարածքային զիջումներ սահմանի այլ հատվածներում: Ավելին, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միայն միակողմանի զիջումներ: Նա չի առաջարկում ամբողջությամբ վերադառնալ խորհրդային սահմաններին, նա զիջումներ է ակնկալում միայն հայկական կողմից», պարզաբանել է Միքայել յանը: Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է լրացուցիչ տարածքներ ստանալ խաղաղության պայմանագրի անվան տակ և սեփական ագրեսիայի արդյունքների ճանաչումը անվանում է խաղաղության պայմանագիր: «Հետևաբար, Հայաստանում պաշտոնական Բաքվի վերաբերմունքն այս նախաձեռնությանը ավելի շուտ բացասական է, քան դրական: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա այդ հարցում հստակ դիրքորոշում չունի, սակայն հաշվի է առնում հասարակական կարծիքը: Ուստի, իրականում Հայաստանն այնքան էլ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այն տեսքով, որով դա առաջարկում է Ադրբեջանը: Ի վերջո, խաղաղության պայմանագիրը ոչ միայն հրադադար է, այլ նաև սահմանային խնդիրներ և շատ այլ ասպեկտներ», - նկատել է հայ փորձագետը:
Ինչ վերաբերում է այլ խաղացողների դիրքորոշումներին, ապա, ըստ Հրանտ Միքայել յանի, Ռուսաստանն այս դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրման կողմնակիցն է, քանի որ ցանկանում է դադարեցնել հակամարտությունը, հաշտեցնել կողմերին իր հովանու ներքո և փակել բոլոր վիճելի հարցերը: Երևանում սեփական դիրքերը պաշտպանելու որոշակի հույսեր են կապվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ -ի հետ: «Հայաստանում իրավիճակն այժմ երկիմաստ է նաև այն պատճառով, որ երկրի ներկայիս ղեկավարությունը մանևրների հնարավորության և բանակցային ձևաչափի փոփոխման համար սպասում է Ֆրանսիայի և ԱՄՆ -ի աջակցության աճին, որպեսզի կախված չմնա Ադրբեջանի օրակարգից», - ասել է Միքայելյանը:
Ըստ ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վեճերը կարգավորելու համար անհրաժեշտ է հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է լինել խաղաղության պայմանագիրը: «Նման համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է իրավիճակը կարգավորելու համար: Ի՞նչ կարող է ներառել նման պայմանագիրը: Առաջին հերթին՝ դա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների ճանաչումն է», - նշել է Վելիզադեն:
Հարցին, թե ինչո՞ւ դեռ հնարավոր չէ համաձայնության գալ կամ գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել, փորձագետը պատասխանել է, որ այս դեպքում կողմերի շահերը տարբեր հարթություններում են: «Ցավոք, հռետորաբանությունը՝ իր հերթին, բայց կողմերի շահերը տարբեր հարթություններում են», - բացատրել է փորձագետը:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայեցակարգային տարբերություն կա սահմանների որոշման հարցում: «Եթե խոսենք սահմանների մասին, ապա Հայաստանը ընկալում է Ադրբեջանի սահմաններն առանց նախկին ԼՂՀ-ի, կարծում է, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անջատվել է առանց նախկին ԼՂՀ-ի: Բայց այդպես չէ, քանի որ կան հիմնարար փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԱՊՀ և ԵԱՀԿ շրջանակներում, և այդ փաստաթղթերը ամրագրել են Ադրբեջանի սահմանները, որոնք նույնական են Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին: Եվ միայն Հայաստանը չի ճանաչում այդ փաստը: Հենց դա էլ հայեցակարգային տարբերությունն է: Այսինքն, Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց նախկին ԼՂՀ -ի: Բայց դա ընդունելի չէ, և ամեն ինչ ընթանում է երկրորդ շրջանով», - ասել է Վելիզադեն:
Նրա խոսքով, ռուսական կողմը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է սահմանազատման խնդրի փուլային լուծում՝ հիմք ընդունելով 1975-1976 թվականների խորհրդային գլխավոր շտաբի քարտեզները, իսկ ըստ այդ քարտեզների, վիճելի տարածքները Ադրբեջանի մաս էին կազմում: Ըստ փորձագետի, եթե հիմք ընդունվի անվիճելի այդ փաստը, ապա կողմերը կարող են հետևողականորեն մոտենալ այլ վիճահարույց հարցերի լուծմանը: Բայց քանի որ հիմնական հարցում կան հիմնարար տարբերություններ, հնարավոր չէ ավելի առաջ շարժվել: Իսկ խաղաղության պայմանագիրը, որը կարող է երկրներին վերադարձնել մինչհակամարտային ժամանակաշրջանի հարաբերություններին, դեռ մնում է հեռավոր և ներկայումս անհասանելի հորիզոնի հետևում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում