Գագիկ Ծառուկյանին շարունակում են թիրախավորել․ ո՞րն է պատճառը
Analysis«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին «անսպասելիորեն» կրկին դարձել է որոշ լրատվամիջոցների թիրախը։ Հայտնի լրատվամիջոցներից մեկն էլ ապատեղեկատվություն է տարածել, իբր խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի գործերն աջ են գնում, նա հարթել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, վերջերս երկժամանոց հանդիպում էր ունեցել, սակայն չի կարողանում մարսել հետընտրական «մանթրաշը» և շարունակում է հաշվեհարդարը բոլոր նրանց հետ, որոնց համարում է պարտության մեղավոր։ Լրատվամիջոցը նաև գրել է, թե օրերս Ծառուկյանի որդին տհաճ զրույց է ունեցել ԲՀԿ նախկին պատգամավորներից մեկի հետ և «ատչոտ» պահանջել, թե ինչու է աշխատել ոչ թե ԲՀԿ-ի, այլ՝ Քոչարյանի համար։ Ընդ որում, հատուկ նշվել է, թե այդ պատգամավորն ընդգրկված չէր ԲՀԿ ցուցակում։ Այս հանգամանքը միանգամից մատնում է տեղեկության կեղծ լինելը, որովհետև ընտրացուցակում չընդգրկված անձը բնավ պարտականություն չունի աշխատել որևէ կուսակցության օգտին։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։
Գագիկ Ծառուկյանն արտահերթ ընտրություններից հետո, ընդհակառակը, ժողով է հրավիրել, կուսակիցներին, ընկերներին ասել, թե որևէ մեկից նեղացած չէ, որ ԲՀԿ-ն չի հայտնվել խորհրդարանում, քաղաքացիներն են իրենց ցանկությամբ խորհրդարան ձևավորել։ Ծառուկյանի հանձնարարությամբ ԲՀԿ-ն պահպանել է իր հիմնական գրասենյակները, որտեղ շարունակում է աշխատանքը, աջակցում քաղաքացիներին։ Այսքանից հետո առնվազն տարօրինակ է անհասկանալի է նման տեղեկություններ տարածելու հանգամանքը։ Ի՞նչն է անհանգստացնում նման լրատվամիջոցներին և նրանց պատվիրատուներին, որ վերջին օրերին անընդհատ թիրախավորում են Գագիկ Ծառուկյանին։ Եթե ապագա քաղաքական մարտերում վտանգ չեն զգում, ո՞րն է պատճառը տեղեկատվական արշավ իրականացնելու Գագիկ Ծառուկյանի դեմ։
Տիգրան Ներսեսյան