«Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ. սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը չի երկարաձգում իր հետ պայմանագիրը «Սպասիր ինձ» հաղորդաշարի շրջանակում հետագա համագործակցության առումով:
Դերասանն իր գրառման մեջ կարծիք էր հայտնել, որ նման որոշման պատճառն իր քաղաքացիական դիրքորոշումն է և իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը. «Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը: Իմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը: Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանք երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից: Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում»,-գրել էր Ներսիսյանը:
Մեզ հետ զրույցում դերասանը նշում է, որ իր այս գրառմանն ավելացնելու բան չունի, եթե անդրադառնա այս թեմային, նորից նույնն է ասելու: Մեր օրերում, երբ արվեստի մարդիկ, հասարակական գործիչները բողոքի, դժգոհության ձայն են բարձրացնում, արտահայտում են իրենց մտահոգությունները կապված մեր երկրի ապագայի վերաբերյալ, նրանց հասցեին մեկ մեղադրանք է հնչում՝ «իսկ ինչո՞ւ էիք նախկինում լուռ և միայն այս իշխանություններին եք քննադատում»:Նման մեղադրանքներ հնչում են նաև Տիգրան Ներսիսյանի հասցեին, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է նա արձագանքում դրանց: Դերասանն ասում է՝ երբ առիթ և պատճառ է եղել, քննադատել է բոլոր ժամանակների իշխանություններին:
«Իմ քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Այդ բոլոր հոդվածները, հրապարակումները կարելի է գտնել էլեկտրոնային կայքերում, տպագիր մամուլում: Դրանք տարիներով պահպանվում են, և դրանք թերթելով՝ կարելի է տեսնել՝ արդյո՞ք ես լուռ եմ եղել խնդիրների ականատես լինելով, թե՞ քննադատական խոսք եմ հնչեցրել: Այո, կան մարդիկ, որոնք լուռ են, լուռ են, քանի որ վախենում են: Մարդիկ վախենում են, նրանք զգույշ են, մտածում են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից, չեն թողնի գործունեություն ծավալել և այլն: Այսօր մենք այսպիսի երկրում ենք ապրում, երբ մարդիկ ազատ չեն և չեն կարող ազատ արտահայտվել: Դրա համար ժողովրդական լեզվով ասած, մտածում են՝ շառ ու փորձանքից հեռու: Այդքան բան: Բայց ես երբեք այդպես չեմ ապրել՝ 19 տարեկանից սկսած:Սեփական կարծիք ունենալը և այն հայտնելը չի վերաբերում միայն քաղաքական դաշտին, այդպիսին եմ նաև թատրոնում: Այդ պատճառով ինձ շատերը չեն սիրում, որովհետև ինձ հետ հեշտ չէ: Մարդու դեմքին ասում եմ ճշմարտությունը, միանգամից բորբոքվում եմ, երբ անարդարություն եմ տեսնում: Սա իմ ապրելու ձևն է: Ինչ վերաբերում է նախկինում լուռ լինելուն: Երբ օտարում էին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ես քննադատեցի այդ որոշումը: Ասացի՝ է՞լ ինչն են ուզում վաճառել մոտակա տարիներին: Խոսել եմ արտագաղթի մասին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ անդրադարձել եմ խնդիրներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ներսիսյանը:
Նշում է՝ ուղղակի մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են: «Բնական է, որ այսօր իմ քննադատությունն ավելի սուր է, քանի որ իրավիճակն է սուր: Ասում են՝ ինչո՞ւ իքս ղեկավարին սուր չէիք քննադատում, ասեմ, որովհետև բացասական իմաստով նա այսքան բան չէր արել: Այն ժամանակ խոսում էի աշխատավարձերի մասին, իսկ այսօր այդ պարգևավճարներն ի՞նչ են: Գիտե՞ք՝ որքան աշխատավարձ են ստանում արվեստի մարդիկ: Այդ աշխատավարձով ապրել հնարավոր չէ: Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր երկրում եմ ապրել, ամեն ինչ իմ աչքի առաջ է տեղի ունեցել: Երբեք չեմ մեկնել երկրից, չեմ էլ պատրաստվում: Ձեզ հետ իմ նախորդ զրույցում ասել եմ, որ ես վերջինը կլինեմ, որ կանջատեմ լույսը: Սա իմ երկիրն է, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Մեկնաբանություններ են գրում, ինձ էլ են խորհուրդ տալիս հեռանալ, ինչպես այսինչ դերասանը, օրինակներ են բերում: Առհասարակ մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Դարձել է մեծ քաոս: Կա ճշմարտություն, որ մտավորականները պետք է մշտապես ընդդիմադիր կեցվածք ունենան: Բայց այսօր աբսուրդն այն է, որ երբ քննադատում ես իշխանություններին, քեզ դարձյալ պալատական արվեստագետ են կոչում: Ամեն ինչ խառնվել է իրար»,-նշում է մեր զրուցակիցը:
Ներկայիս իշխանություններն առանձնակի անհանդուրժող են իրենց ուղղված ցանկացած քննադատության, բնորոշման նկատմամբ: Ներսիսյանն ասում է՝ գիտի, որ ավելի հաճախ շատ բուռն է արձագանքում, սուր է քննադատում: «Բայց այն ժամանակվա իշխանություններից, ղեկավարներից, առաջին դեմքերից և որևէ մեկն ինքն իրեն թույլ չի տվել ինձ որևէ բան ասել կամ որևէ գործողության գնալ: Իսկ սրանք ուղղակիորեն, կոնկրետ գնացին՝ առանց որևէ սեթևեթանքի»,-հավելում է Ներսիսյանը:
Իսկ գուցե սա մեսի՞ջ էր նաև մյուսներին՝ լռեք, հակառակ դեպքում նույնը ձեզ հետ կպատահի: Դերասանն այս առումով երկրորդ կարծիք չունի: «Իրենք այդ քայլով, այո, մեսիջ են ուղարկում՝ ասելով, թե, տեսեք, ինչ կարող է լինել, երբ դուք ընդվզում եք, բողոքում եք, համաձայն չեք և ձեր կարծիքն եք արտահայտում: Ես անդրադարձել եմ նաև մեր այն, այսպես ասած, հանճարներին, որոնք տարիներով լուռ են, գալիս է իշխանություն, նրա կողքը նստած են, գալիս է հաջորդը, նրա կողքին են կանգնած: Եվ այդպես շարունակ: Հետաքրքիրն այն է, որ երբ նրանց ուղղված որևէ բառ ենք ասում, հակադարձում են՝ թողեք, նա ստեղծագործում է: Ես չեմ ուզում նրանց գնահատական տալ, ժամանակը և պատմությունը տվել են այդ գնահատականը: Արվեստի մեջ մի քանի հոգի կան, «թիրախներ», որոնց ասում են՝ ինչո՞ւ եք լուռ, ինչո՞ւ չեք խոսում: Բայց որևէ մեկը չի ասում՝ ինչո՞ւ է Արտավազդ Փելեշյանը տարիներ շարունակ լուռ: Մեր շատ սպորտսմեններ ու արվեստագետներ, քաշված մի կողմ, իրենց գործով են զբաղվում: Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված: Իրենք չունե՞ն քաղաքացիական դիրքորոշում: Կամ երբ ասում են՝ մի զբաղվեք քաղաքականությամբ: Այսինքն՝ երբ ես կարծիք եմ հայտնում և ասում, թե ինչու են Երևանում քանդվում պատմամշակութային կոթողները, նշանակում է՝ քաղաքականությա՞մբ եմ զբաղվում: Սա տգիտության հետևանք է»,-ընդգծում է ՀՀ վաստակավոր արտիստը:
Նշում է՝ այս ամենը շատ ողբերգական է, էլ չասած այն ամենը, ինչ ամեն օր կատարվում է մեր երկրի, մեր Հայաստանի հետ: «Սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ: Պատկերացնում եք՝ վարորդը նստած ղեկին, քեզ տանում է անդունդը, դու տեսնում ես, որ հիմա կընկնես, և նա ասում է՝ ես մեղավոր չեմ, այն երրորդ կարգում նստածն է մեղավոր, մեքենայի մասերն են մեղավոր, բոլորը մեղավոր են: Բայց դու ես ղեկին նստած, դու պետք է պատասխանատվություն ունենաս, այն էլ ինչ պատասխանատվություն՝ երկրի, հայրենիքի, հողի, զինվորի նկատմամբ: Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ: Չգիտես արդեն էլ ինչ ասես, ոնց ասես, ում ասես: Երբեք չէի պատկերացնի, որ իմ հայրենիքը, երկիրը կարող եմ այսպիսի վիճակում տեսնել, հազարավոր հերոս տղերք իրենց կյանքը տվեցին մեր երկրի համար: Դեռ տաք ենք, հետո կհասկանանք, կգիտակցենք, թե ինչ է մեզ հետ կատարվել: Հետո, երբ ամեն ինչ խաղաղվի, Աստված տա այդպես լինի, կգիտակցենք, որ անդառնալի կորուստներ ենք կրել: Հողը կարող ես վերադարձնել, բայց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը, հայի ու ազգի նկարագիրը վերականգնելը, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ, շատ դժվար է լինելու»,-եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում