Տեսչական մարմինները 13 օրվա ընթացքում մշտադիտարկել են ավելի քան 995 տրանսպորտային միջոց
SocietyՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղել ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Դիմակ կրելու, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկներ ունենալու, գերբեռնված երթևեկությունը բացառելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, տրանսպորտային փոխադրամիջոցներն ախտահանելու պարտադիր կանոններից այսօրվա դիտարկման ընթացքում չի պահպանվել միայն մեկը՝ վարորդները դիմակ չեն կրել։ Այդ հիմքով կազմվել է վարչական 5 արձանագրություն։
Այսպիսով՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը օգոստոսի 19-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն վարչական շրջանների, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ավտոմոբիլային ու տրոլեյբուսային, ինչպես նաև Երևանի երկաթուղային կայարանի, Երևանի մետրոպոլիտենային տրանսպորտի նկատմամբ կատարել է ավելի քան 995 մշտադիտարկում, կազմել 60 վարչական արձանագրություն։
Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ՝ ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Վաղը՝ ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի։