Ումի՞ց են վախենում ՔՊ-ական պատգամավորները
AnalysisՀայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Արցախում է՝ մասնակցելու Հանրապետության օրվա միջոցառումներին։ Ընդ որում, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արցախ են մեկնել վեց պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախ մեկնած ՔՊ-ականներին ուղեկցում է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ։ Ումի՞ց են վախենում իշխանական պատգամավորները, որոնք այլևս չեն կարողանում շրջել առանց թիկնապահների։
«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը: Հիշեցնենք, որ Արցախում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ում Արցախում բավական լավ են ընդունել։ Հակոբյանը նաև հանդիպել է նախկին նախագահ Բակո Սահակյանին։
Ի դեպ, հենց Վահե Հակոբյանի վրա էին ոհմակով հարձակվել ՔՊ պատգամավորները օգոստոսի 25-ին, երբ խորհրդարանում իշխանությունը դեբոշներ էր սարքել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ատամ ունի Վահե Հակոբյանի դեմ։ Պարզապես հիշեցնենք քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հետ տեղի ունեցածը։ Բռնցքամարտի ռինգում հանդիպելու՝ Վահե Հակոբյանի առաջարկը Հրաչյա Հակոբյանը կմկմալով մերժեց և ճողոպրեց։ Չի բացառվում, որ մեծ թիկնազորով Արցախ մեկնելով՝ իշխանական պատգամավորները պարզապես ցուցադրում են իրենց վախը ընդդիմադիր պատգամավորից։
Մհեր Հարությունյան