Խոակին Կապառոս․ Մեր խմբում հավասար պայքար է ծավալվում
SportՖուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումից հետո ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, որ Սկոպյեում տեղի ունեցած խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։
«Այս խաղում կար ամեն ինչ։ Առաջին խաղակեսը մենք սկսեցինք հետ քաշվելով՝ քանի որ մրցակիցը եզրերում կարող էր մեծ գլխացավանք առաջացնել, սակայն ընթացքում տղաները սկսեցին գործել ավելի վստահ եւ սկսեցինք անցկացնել հակագրոհներ։ Կարող էին նաեւ գրավել մրցակցի դարպասը։
Մենք կցանկանայինք անընդհատ գրոհել, սակայն մրցակիցը ստիպեց նահանջել։ Ամբողջ խնդիրն այն է՝ հասկանալ, թե յուրաքանչյուր դրվագում ինչ պետք է անել, եւ մեր տղաները կարողացան ճիշտ արձագանքել իրադրությանը։
Այս խմբում հավասար պայքար է ծավալվում։ Այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել մրցաշարային վիճակին եւ պետք է կենտրոնանալ ամեն հաջորդ խաղի վրա։
Թիմի խաղից գոհ եմ։ Տղաները ապացուցեցին, որ կարող են պայքարել։ Էրիկ Վարդանյանը հիանալի խաղ ցուցադրեց։
Ես վստահում եմ երիտասարդներին։ Պետք է թույլ տալ նրանց սխալվել։ Դա միակ տարբերակն է տղաների աճի համար։ Մենք գոհ ենք նրանց մրցելույթից։
Մենք արժանացանք 1 միավորի եւ այլ բացատրություն չկա։ Խմբում սպասելիքների մասին ոչինչ հնարավոր չէ ասել։ Պետք է մոռանալ այս խաղը եւ կենտրոնանալ հաջորդի վրա»,- նշեց Կապառոսը։
Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0) և Ռումինիային (3:2)։
J խումբ
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 0։0
Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Վահան Բիչախչյան (Արշակ Կորյան, 46), Հենրիխ Մխիթարյան, Էրիկ Վարդանյան (Էդուարդ Սպերցյան, 67), Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 71)։
Լիխտենշտեյն - Գերմանիա՝ 0։2 (տեսանյութ)
Տիմո Վերներ, 41, Լերոյ Սանե, 77
Իսլանդիա - Ռումինիա՝ 0։2
Դենիս Ման, 47, Նիկոլաե Ստանչու, 83