Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն
SocietyՍեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն: Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:
«Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույ ն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:
Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը, Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ Շիբանովը (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում են «Բրեյն ռինգ» , «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը: «Յունիբանկի գավաթ» փառատոնին նախատեսվում է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն: Փառատոնի խաղավարն է Պավել Զաբավսկին:
Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
«Ինտելեկտուալ խաղերի փառատոնը հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը: Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը, արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», - ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը մեր երկրի մասսայականացումն է աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», - նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: