Սննդամթերքի անվտանգությունն՝ առաջնահերթություն. ինչի՞ն ուշադրություն դարձնել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Սննդամթերքն ունի բուսական և կենդանական ծագում, այն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների ու հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար։ Սննդի մեջ դրանք օգտագործվում են բնական վիճակում կամ էլ մշակելուց հետո: Այն, իհարկե, ունի փչանալու հատկություն: Հայտնի է, որ արագ փչանում են միսը, ձուկը, կաթը և այլն, ուշ՝ հացահատիկները, ալյուրը, ձավարեղենը, մակարոնեղենը:
«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ սննդամթերքի որակի հսկողության իրականացման հարցում հիմնական օրենսդրական փաստաթուղթ են միջազգային և պետական ստանդարտները, որոնք ընդգրկում են սննդամթերքի որակի հետ կապված բոլոր կարևոր հարցերը։
Անդրադառնալով մեր օրենսդրությանը՝ իրավաբանն առանձնացնում է մի քանի կարևոր կետեր, օրինակ՝ սպառողը պետք է ուշադիր լինի մակնշմանը: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է ներառի անվանումը, բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ, սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները, զտաքաշը կամ ծավալը, արտադրման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը, պահման պայմանները, արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն, ծագման երկիրը, սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները: Կարևոր է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Ընդգծում է՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված սննդամթերքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչով: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, պիտանիության ժամկետն անցել է»,-հավելում է մեր զրուցակիցը:
Ոլորտում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: Ասոցիացիայի իրավաբանը մանրամասնում է՝ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքի համաձայն՝ ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ, պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին և անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ, սահմանել ժամկետներ՝ բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն:
Կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ պահանջներ են ներկայացվում մսամթերքի, ձվամթերքի արտադրություններին և ոչ միայն: Օրինակ՝ կառավարության 2006 թ.-ի հոկտեմբերի 19-ին N 1560-Ն որոշման համաձայն՝ մսի և մսամթերքի արտադրության գործընթացում կենդանիների սպանդը կազմակերպվում է կառավարության սահմանած կարգով, ապահովելով լիազոր մարմինների սահմանած շինարարական, անասնաբուժասանիտարական, հիգիենիկ նորմերը և կանոնները: Կազմակերպության տարածքը պետք է լինի մաքուր, ցանկապատված, աղբը և թափոնները պետք է հեռացվեն օրական առնվազն մեկ անգամ:
Անհրաժեշտ է պահպանել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին, լուսավորությանը, ջեռուցմանը, օդափոխության միկրոկլիմային և աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Մսամթերքի արտադրության համար օգտագործվող միսը պարտադիր ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ սննդային հավելումները, փաթեթավորող նյութերը Առողջապահության նախարարության կողմից պետք է թույլատրված լինեն սննդամթերքի արտադրությունում կիրառելու համար: Տեղական արտադրության և ներմուծվող միսը վերամշակման է ընդունվում միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ` անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:
Ձվամթերքի արտադրության շուկային ևս որոշակի պահանջներ են ներկայացվում, օրինակ՝ գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն՝ գենետիկորեն ձևափոխված լինելու մասին»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի և արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում խախտումը հայտնաբերած տեսչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա արտադրական գործունեությունն անմիջապես կասեցվում է:
Իրավաբանն ընդգծում է՝ իր առանձնահատկություններն ունի հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրը: ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում: Վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը»,-հավելում է մեր զրուցակիցը:
Շեշտում է՝ սննդամթերքի արտադրությանը և վաճառքին վերաբերող իրավակարգավորումները բազմազան են, որոնց մասին սպառողը պետք է տեղեկացված լինի, իսկ սննդի որակի, ժամկետանց սննդի հայտնաբերման և այլ խախտումների դեպքում իրավունք ունի դիմելու Սննդի անվտանգության տեսչական մարմնին (Թեժ գիծ՝ (010) 20-60-40, (012) 90-60-90, էլ. փոստ՝ ssfs@ssfs.am):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում