«Արմենիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ից ամենօրյա գրաֆիկով իրականացնելու է Երևան-Մոսկվա-Երևան չվերթներ
Society«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին առաջին անգամ գործարկել է զբոսաշրջային բաժին, որի շնորհիվ ուղևորները կարող են փաթեթներ ձեռք բերել դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ։
«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ ներկա պահին՝ սեպտեմբերի 20-ից, ամենօրյա գրաֆիկով իրականացնելու են Երևան-Մոսկվա-Երևան չվերթներ։
«Չվերթներն իրականացվելու են դեպի Մոսկվայի երկու օդանավակայան՝ Վնուկովո և Շերեմետևո։ Ամենօրյա չվերթներ են լինելու նաև Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ։ Հատկանշական է նաև շեշտել, որ Երևան-Մոսկվա և Երևան-Թբիլիսի չվերթները համակցված են, քանի որ ՌԴ օդային տարածքը փակ է Վրաստանի օդանավերի համար։ Ստացվում է այնպես, որ Վրաստանի օդանավերը չեն կարող ուղիղ չվերթներ իրականացնել դեպի ՌԴ։ «Արմենիա» ավիաընկերությունն այս պարագայում հնարավորություն է տվել ՌԴ և Վրաստանի քաղաքացիներին Երևանը դարձնել տարանցիկ կետ»,- նշեց Խաչատրյանը։
Նա հավելեց նաև, որ Երևանը տարանցիկ քաղաք դարձնելը Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն է։