Life.panorama.am-ը գրում է.
Երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» սերիալի «Վարդ» Լուիզա Ղամբարյանն է, ով օրվա մեծ մասն անցկացնում է թատրոնում ու նկարահանման հրապարակում, սակայն ընտանիքը դրանից երբեք չի տուժում: Ինչպե՞ս է ստացվում կերպարից կերպար անցումը, ո՞րն է ընտանեկան անդորրի պայմանը և ի՞նչ ամանորյա հրաշքի է սպասում նա՝ կպատմի հենց ինքը:
-Որքան նկատեմ եմ, բավական հագեցած է Ձեզ համար 2014 թվականը: Ներկա պահին միայն սերիալո՞ւմ եք, թե՞…
-Վերջերս նկարահանվեցի երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց վրա աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ֆիլմերից մեկը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին, աշխատանքային վերնագիրն է «Հիշողություն», մյուսը որոշ չափով առնչվում է 2006 թվականին Երևան-Սոչի օդանավի ողբերգական պատմությանը, կոչվում է «Անավարտ թռիչք»: Նոր-նոր սկսել եմ համեմատաբար հանգստանալ, միայն թատրոնի ներկայացումներում և սերիալային նկարահանումներում եմ զբաղված:
-Ինչպե՞ս էիք հասցնում. երկու ֆիլմ, սերիալ, թատրոն, գումարած ընտանիք՝ ամուսին, երեխա:
-Ես հակառակ հերթականությամբ կդասավորեմ. երեխա, ամուսին, թատրոն, սերիալ, ֆիլմ, քանի որ ես առաջին հերթին մայր եմ և կին, հետո նոր գործի մարդ: Հասցնում եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Սերը շատ է օգնում, որպեսզի քո էներգիան ճիշտ ծախսես, համապատասխան լիցքեր ստանաս և կարողանաս արդյունավետության հասնել: Ինչ վերաբերում է տեխնիկապես հասցնելուն, ապա մայրս իմ աջ ձեռքն է, շատ է օգնում: Ամուսինս ըմբռնումով է մոտենում: Արդյունքում, կարողանում եմ այնպես համատեղել, որպեսզի ոչ ընտանիքը, ոչ աշխատանքը չտուժեն:
-Շատ ամուսիններ կնոջ նույնիսկ 2-3-ժամանոց աշխատանքը չեն հանդուրժում, իսկ Ձեր զբաղվածությունը չափազանց շատ է: Ամեն դեպքում, երբեմն, այդ հարցի շուրջ Ձեր մեջ տարաձայնություններ չե՞ն առաջանում:
-Ոչ, նման բան չկա, քանի որ մինչև մեր հանդիպելը երկուսս էլ մեր գործունեության մեջ արդեն իսկ ինչ-որ բաների հասած մարդիկ ենք եղել: Ի սկզբանե եղել է գիտակցում, որ աշխատանքը մարդու ձևավորման համար կարևոր դաշտ է: Ուղղակի, երբեմն ամուսինս ասում է՝ դու շատ ես հոգնում, կարողացիր այսուհետ գործունեությունդ սահմանափակել: Բայց արգելքներ երբեք չեն եղել: Չեմ ցանկանա քննարկել այն ընտանիքների հոգեբանական խնդիրները, որտեղ ամուսինները դեմ են կանանց աշխատանքին, բայց ասեմ, որ այսօր ակնհայտ է, որ հայ կնոջ աշխատանքը նույնպես բավական դեր է խաղում ընտանիքում:
-Երկու ֆիլմերը, որոնցում նկարահանվել եք, ե՞րբ հեռուստադիտողի դատին կհանձնվեն:
-Երկուսն էլ մյուս տարի էկրան կբարձրանան: Հունվարի վերջի կինոթատրոններում կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմը, որտեղ մարմնավորել եմ հերոսուհու մայրիկին, խաղընկերս Սերժ Ավետիքյանն էր: «Հիշողություն» ֆիլմում դերս փոքր է, բայց շատ մեծ ասելիքով: Մարմնավորում եմ հայ դերասանուհու, ով մինչ ցեղասպանությունը ներկայացնում է հայ մշակույթը, իսկ գաղթի ճանապարհին ողբերգական ավարտ է ունենում: Այս ֆիլմում ևս դերասանական հրաշալի անձնակազմ է. Արտաշես Ալեքսանյան, Սամվել Սարգսյան, Արայիկ Դեղտրիկյան, Կարեն Ջանգիրով, Սոֆիկ Սարգսյան:
-Լուիզա, արդեն գրեթե երկու տարի է` հանդես եք գալիս «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում: Հետաքրքիր և կոլորիտային կերպար եք ներկայացնում, եթե չեմ սխալվում՝ արմատներով Լոռիի հետ ոչ մի կապ չունենալով:
-Ասեմ, որ երկու տարին ապրիլին կլրանա: Լոռեցի չեմ: Պարզապես մայրական տատիկս ծնվել է Սպիտակում, մարմնավորում եմ գյուղացի կնոջ: Իմ մյուս սերիալային կերպարներին սա բոլորովին նման չէր, նրանք ավելի շատ «երկնային հերոսուհիներ» էին: Սա ավելի վառ ընդգծված, կոլորիտային կերպար է, որը հաճույքով սկսեցի զարգացնել: Ունեմ հրաշալի խաղընկեր՝ «ջանուլը»՝ Ալբերտ Սաֆարյանը, ում շնորհիվ տեսարանն ամբողջացավ: Վարդուշը պարզ, գեղեցիկ, իր համ ու հոտով, ներքին «ողբերգությամբ» կին է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: