Կամավոր-պարտադիր. որոշել են «բուժել»՝ առանց «ախտորոշելու». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ներկայումս Հայաստանում ամենաթեժ կրքերը բորբոքվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համատեքստում: Հայաստանի քաղաքացիները զարմանալիորեն չեն շտապում պատվաստվել՝ չնայած տարբեր երկրների կողմից արտադրված պատվաստանյութերի առկայությանը և պատվաստման մատչելիությանը, այսինքն՝ անվճար լինելուն: Եթե Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը 70-80 տոկոս է, ապա այդ ցուցանիշը Հայաստանում 10 անգամ պակաս է, ինչը բավականին անտրամաբանական է: Մենք անհուսալիորեն հետ ենք այդ ցուցանիշով մեր բոլոր հարևաններից:
Պարադոքս է, բայց շարիաթի օրենքներով ապրող Իրանի քաղաքացիները ժամանում են եվրոպական արժեքներով ապրող, քրիստոնյա Հայաստան զուտ պատվաստման նպատակով (պատժամիջոցների պատճառով այդ երկիրը պատվաստանյութերի պակաս ունի), իսկ Հայաստանի քաղաքացիները չեն պատվաստվում: Կառավարությունը ստիպված որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձնել, այսպես ասած, «կամավորպարտադիր»՝ ստիպելով չպատվաստված որոշ կոնտինգենտի անձանց ամսական երկու անգամ թեստ հանձնել, որը վճարովի է: Հավատացնում եմ ձեզ, որ այդ կոնտինգենտը աստիճանաբար մեծանալու է, քանի որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, այլ ելք չի տեսնում (օրինակ՝ նույն պահանջը կարող է վերաբերել բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են կազմակերպված կոլեկտիվներ՝ մանկապարտեզ, դպրոց, և դա համաճարակային տեսակետից ունի իր բացատրությունը):
Պետության ջանքերը հասկանալի են և ընդունելի, սակայն անհասկանալի և անընդունելի է այն, թե ինչո՞ւ է աշխատանք տարվում միայն «կամավոր-պարտադիր» ուղղությամբ: Չնայած ի՞նչ պահանջես մի կառավարությունից, որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը էկոնոմիստ է, իսկ էկոնոմիկայի նախարարը՝ համակարգչային համակարգերի ինժեներ (պաշտոնի նշանակելու հրամանը գրելիս հավանաբար քարտուղարուհին է տեղերը շփոթել), դե, իսկ առողջապահության նախարարն էլ, բնականաբար, իրավաբան պետք է լիներ, որ մտցներ պատվաստումների «կամավորպարտադիր» եզրույթը առանց մարդու հիմնարար իրավունքների խախտման: Իսկ ընդհանրապես, սկսած պատվաստումային գործընթացի սկզբից, ինչ-որ մեկը, կամ, ավելի ճիշտ, համապատասխան պետական առողջապահական կառույցները փորձե՞լ են երբևէ պարզել, թե ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում, հասկանալ խնդրի էությունը: Ինչո՞վ են զբաղված պետական բյուջեից աշխատավարձ ստացող այդ մարդիկ:
Արդյո՞ք գեթ մեկ հետազոտություն իրականացվել է պարզելու, թե բնակչության քանի՞ տոկոսն է հրաժարվում պատվաստումից (հնարավոր է, որ այդ ցուցանիշը ցածր է, և ուղղակի պատվաստումային քարոզչությունն է վատ կազմակերպված), տոկոսային հարաբերությամբ ի՞նչ պատճառով են հրաժարվում (հայկական գենը փչացնելու դավադրությունների տեսություն, պոլիկլինիկաների վատ աշխատանք, տեղերում պատվաստանյութերի մատակարարման վատ կազմակերպում, ամեն ինչի նկատմամբ հավատի կորուստ և այլն), ի՞նչ պատվաստանյութեր են նախընտրում (սա խիստ կարևոր է համապատասխան պատվաստանյութերի գնումների համար) և այլն:
Անձամբ ես նման հետազոտության չեմ հանդիպել: Չէ՞ որ հանրահայտ բժշկական ճշմարտություն է, որ «հիվանդին» բուժելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել հիվանդությունը: Իսկ մեր կառավարությունը որոշել է «բուժել հիվանդ հասարակությանը» առանց ախտորոշելու այդ «հիվանդությունը»: Ինչպես երկհարկանի ավտոբուսի երկրորդ հարկում նստածը, որը տեսնելով, որ ավտոբուսի առջևում վարորդ չկա, «վերջին անգամ» զանգում է տուն և ասում, որ «ավտոբուսը Աստծո հույսին է առաջ սլանում», այնպես էլ մեր կառավարությունն է ամեն հարցում Աստծո հույսին ընթանում դեպի ապագա: Դա էլ դեռ հարց է՝ կա՞, թե՞ չկա:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
բժիշկ-համաճարակաբան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում