«Գյումրու օրն» այս տարի կնշվի առանց մասսայական միջոցառումների
Society«Գյումրու օրն» այս տարի կնշվի սեպտեմբերի 18-ին՝ առանց մասսայական միջոցառումների:
Այս մասին սեպտեմբերի 14-ին կայացած ավագանու նիստի ժամանակ նշեց նիստը վարող Գյումրի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: «Թող ների բնակչությունը, բայց այս տարի, իրավիճակից ելնելով, նույնիսկ նախատեսված միջոցառումների ժամանակացույցը չենք բարձրաձայնում»,- նշեց Ռուբեն Սանոյանը՝ տեղեկացնելով որ ճոխություններ չեն լինի նաև Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված օրը: Ավագանին որոշեց 700 հազար դրամ գումար հատկացնել 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային ծառայությունից վերադարձած տղաներին տոնի առթիվ հուշանվերներ ու շնորհակալագրեր տրամադրելու համար:
Ավագանու մեկ այլ որոշմամբ համայնքային բյուջեից 1 մլն 600 հազար դրամ գումար հատկացվեց սոցիալապես անապահով 87 անձանց դրամական աջակցություն տրամադրելու նպատակով, 21 մլն 400 հազար դրամ էլ՝ Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ տրամադրելու համար: Գումար հատկացվեց նաև քաղաքի թիվ 4 երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգման, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների գերեզմաների բարեկարգման և այլ նպատակներով:
Ընդհանուր առմամբ ավագանու այսօրվա քննարկմանն էր ներկայացված 54 հարց: