«Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար էլ չի վերադառնա». հադրութցիների առաջարկը
SocietyՄենք նախորդ անգամ ասել ենք, որ եթե մեր պահանջներն անպատասխան մնան, դիմելու ենք միջազգային կառույցներին: Այստեղից գնալու ենք, նամակ հանձնելու ԱՄԿ-ի գրասենյակին, ապա նաև Ֆրաննսիայի դեսպանություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
«Արցախում դեմոգրաֆիական հարց լուծելու առումով այս 30 տարում վարել են սխալ քաղաքականություն, հիմա էլ են սխալ վարում: Մենք ունենք 30 տարի առաջ Արցախում կառուցված գյուղ՝ 14-15 բնակարան, որտեղ կառուցման օրից մինչեւ փախչելու օրը այդպես էլ ոչ մեկը չի մտել ապրելու: Դեմոգրաֆիական հարցը լուծելու համար պետք է ստեղծել պայմաններ, դարձնել գրավիչ այդ վայրը: Դրանից բացի փորձել են Արաքսի ափին բնակարաններ կառուցել, բնակարանը տալիս էին, մարդկանց գործ չէին տալիս: Մարդիկ սկսում էին փախչել: Այս քաղաքականությունը այն ժամանակ էլ էր սխալ, հիմա էլ է սխալ: Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար չի վերադառնալու»,-ասաց նա:
Հայրյանը հավելեց, որ իրենք շատ հետաքրքիր առաջարկներով են հանդես եկել, անգամ, Արցախի կառավարությունն է շատ հետաքրքիր առաջարկ արել, բայց հետո չեղարկել են. «Որոշել էին, որ տալիս են բոլորին X գումար, իսկ ով Արցախ է վերադառնալու, X+10 գումար են տալիս: Մեր բնակչության մոտ 40 տոկոսն այսօր էլ սահմանամերձ տարածքներում է՝ Գորիս, Կապան, Տավուշ: Հետո կառավարությունը հրաժարվեց այդ տարբերակից: Երեւի պատճառը շինարարության բիզնեսից օգուտներ քաղելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդը վերադառնում է Արցախ, առաջին հերթին պետք է աշխատանքի հարցը լուծվի, նոր բնակարանի: