Քաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Հողային օրենսգրքում: Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մթնոլորտում գազերի, փոշու և ծխի բարձր պարունակությունները, ինչպես նաև օդի և հողի ջերմային ու ջրային ռեժիմների առանձնահատկությունները բացասաբար են ազդում բնակչության առողջության վրա։ Նման անցանկալի երևույթները մեղմելու և կանխելու առումով մեծ դերակատարություն ունեն կանաչ տնկարկները։
Ներկայումս անբարենպաստ կլիմայական և էկոլոգիական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու և, իհարկե, գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։ Միևնույն ժամանակ կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները և մարտահրավերներն անկանխատեսելի են և խիստ վտանգավոր:
Նշվում է, որ կանաչ տնկարկների ներկայիս վիճակը ցույց է տալիս անթրոպոգեն գործոնների ազդեցության բարձր աստիճանը, ինչը հանգեցնում է բուսականության թուլացմանը, ժամանակից շուտ ծերացմանը, հիվանդություններով և վնասատուներով վարակմանը և տնկարկների աստիճանական ոչնչացմանը։
Նախարարությունը հիշեցնում է, որ քաղաքային բնակավայրերի կանաչ տարածքներն ունեն պաշտպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն և հանդիսանում են շրջակա միջավայրը պաշտպանող և բարելավող հատկություններ ունեցող բնակավայրի կանաչ գոտու մաս: Բնակավայրերում պետք է նախատեսել ծառապատ և այլ բաց տարածքների անընդհատ զարգացող համակարգ՝ հանգստի գոտիների ստեղծում, միջազգային չափանիշներին համապատասխան ծառապատման աշխատանքերի իրականացում, կանաչ ֆոնդի երիտասարդացում:
Ծառահատումների կանխումը կարևոր է ինչպես ածխաթթու գազի կլանման ծավալների ավելացման, այնպես էլ կլիմայի փոփոխության հարմարվողականության ավելացման տեսակետից: Առաջարկվող նախագծով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր) ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ և դրա շրջանակներում նշվում են դեպքերը՝ ինչպես թույլտվության անհրաժեշտության, այնպես էլ դրա անհրաժեշտ չլինելու վերաբերյալ։
Բացի դրանից, նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով: Այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք, կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատում իրականացնելու համար։
Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ: Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում