Ուղիղ մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը
SocietyՈւղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:
Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հայտնել են նաեւ միջազգային լրատվամիջոցները, իսկ հայկական կողմը նրանցից երկուսին գերեվարել է, սակայն պատերազմի ավարտից հետո՝ հանձնել հայ գերիների դիմաց։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։
Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:
Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։