ՊՇՌ թեստի աժիոտաժը. ինչ է սպասվում չպատվաստված աշխատողներին
AnalysisՊետական համակարգում աշխատողները խուճապի մեջ են: Բանն այն է, որ չեն իմացել՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի սերտիֆիկատի ներկայացման վերջնաժամկետը ոչ թե հոկտեմբերի 1-ն է, այլ հոկտեմբերի 14-ը: Վերջիններս մտահոգված են, թե արդյոք իրենց ՊՇՌ թեստի վրա վատնած գումարը անիմաստ է եղել և թե արդյոք հոկտեմբերի 14-ին պետք է նորից թեստ հանձնեն: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ. վերջինս զարմանում է՝ որն է քաղաքացիներին տրամադրած ինֆորմացիոն մեծ հոսքից հետո աժիոտաժի պատճառը.
«Ի սկզբանե, օգտագործելով տեղեկատվության տարածման տարբեր հարթակներ, ԱՆ-ն ասել է, որ նախարարի հրամանը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից և հրամանի մեջ հստակ ասված է՝ այն քաղաքացին, որը պատվաստված չէ, յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է աշխատանքի ներկայանա 72 ժամ վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական արդյունքը վկայող հավաստագրով: Դա նշանակում է, որ հոկտեմբերի 1-ից 14-ը քաղաքացին ունի ժամանակ ներկայացնելու ՊՇՌ հավաստագիրը, դա կլինի ամսի 1-ին, ուրեմն, քաղաքացին դրանից 14 օր հետո 2-րդը պետք է ներկայացնի: ՊՇՌ հավաստագրի վերջնաժամկետը հոկտեմբերի 14-ն է»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը:
Նա հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 14-ը տեսչական մարմինը ստուգայցեր կանի, բայց տուգանքներ չի կիրառի, իսկ 14-ից հետո, եթե տեսնի, որ կա աշխատակից, որը չի ներկայացել ՊՇՌ թեստով՝ կտուգանի:
Մեր այն հարցին, թե ինչ է սպասվում այն աշխատողներին, որոնք արդեն հանձնել են ՊՇՌ թեստ, արդյոք նորից պետք է հանձնեն, Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ տարբերություն, թե երբ ՊՇՌ թեստը կհանձնեն, դա կլինի ամսի 1-ին, թե 5-ին, միևնույն է այն պետք է հանձնեն: Եթե ենթադրենք՝ քաղաքացին թեստը հանձնել է հոկտեմբերի 2-ին, ապա հաջորդ թեստը պետք է հանձնի հոկտեմբերի 15-ին և այսպես շարունակ»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը՝ հորդորելով քաղաքացիներին պատվաստվել. «Այս ամենից խուսափելու և առողջ լինելու համար քաղաքացիները թող պատվաստվեն. մեկ հատ QR կոդ են ցույց տալու և էլ ոչ մի խնդիր»,- ընդգծեց նա:
Վերջինս ԱՆ կատարած աշխատանքը էլ ավելի պատկերավոր ներկայացնելու նպատակով Հայաստանը համեմատեց այլ երկրների հետ. «Այլ երկրներում, անգամ, մոլեր մտնելու համար են հենց տեղում քաղաքացիներից ՊՇՌ թեստ պահանջում: Այլ երկրներում ՊՇՌ թեստի պահանջը դրել են նվազագույն ժամկետով՝ 3 օրով, մենք կարող էինք 3 օր ընդմիջումով ՊՇՌ թեստ պահանջել, բայց մտածել ենք քաղաքացիների սոցիալական բեռի մասին ու մի շարք այլ նրբություններ ենք հաշվի առել, որքան կարողացել ենք, ձգել ենք ՊՇՌ թեստի հանձնման ժամկետը... այսքանից հետո հետադարձ ապտակը, իրոք, զարմանալի է»,- նշեց Հռիփսիմե Խաչատրյանը:
Հավելենք, որ թեստավորման պահանջի վերահսկումը ստուգայցերի միջոցով իրականացնելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ստուգայցերը կատարվելու են պատահական։ Խախտումների դեպքում նախատեսված է տուգանք, իրավաբանական անձանց դեպքում՝ 40 000 – 120 000 դրամ։
Զվարթ Պետրոսյան