Իրանը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։
Աբդոլլահիանը նշել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է և մատնանշելով Իրանի սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի գործողությունները, հավելել է. «Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է ցանկացած անհրաժեշտ քայլ։ Դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ վերջին եղելությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնյաների երկխոսության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»,- ասել է Ալիևը:
Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշմանը: