«Մեծացնելու ենք արտադրական ծրագրերը». զբաղվածության ապահովում աուտիզմ ունեցող երեխաների և նրանց ծնողների համար․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
«Սովորեցրու ինձ ավելին ուսուցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2016 թ.-ին: ՀԿ-ի նախագահ Լենա Հարությունյանը նշում է, որ հիմնականում իրականացնում են շտկողա-վերականգնողական աշխատանքներ:
«Աշխատում ենք 1,5-ից մինչև 15 տարեկան երեխաների հետ, որոնք ունեն կրթության հատուկ պայմանների կարիք: Ունենք հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, հոգեբաններ և այլ մասնագետներ: Մենք այսօր մոտ 120 շահառու երեխա ունենք: Երեխաների հետ աշխատանքի ընթացքում սկսեցինք մտածել այն հարցի շուրջ, թե հետագայում նրանք ինչ զբաղվածություն, աշխատանք պետք է ունենան: Գաղտնիք չէ, որ Հայաստանում այդ հարցը բավականին բարդ է՝ դեռահասության, հետո արդեն չափահասության տարիքում աշխատանք գտնելը: Ստացվում էր, որ վերականգնողական աշխատանքներ ենք անում, երեխաների մոտ շտկում շատ խնդիրներ, բայց գալիս է մի պահ, երբ այլևս շարունակություն չկա:
Ընդգրկվեցինք մի քանի արտադրական ծրագրերում, հաճախեցինք արտադրամասեր, հասկացանք, որ հիմնականում կտրող գործիքներ են, հաստոցները բավականին սուր են, իսկ դրանք երեխաների համար վտանգավոր են: Ինքս էլ ունենալով այդ խնդիրը, չէի հասկանում, թե իմ տղան ինչ է անելու: 2020 թ.-ին, երբ կորոնավիրուսի պայմաններում տանը մնացինք, մտահղացում եղավ, որ կարելի է թղթերի՝ փաթեթավորման հետ կապված ինչ-որ աշխատանք անել: Երեխաները կարող են այդ աշխատանքն անել, իսկ հաստոցների վրա արդեն ծնողները կաշխատեն: Մեր նպատակն այն է, որ հետագայում երեխաներն աշխատանք, զբաղվածություն ունենան: Կստացվի նաև, որ կրթությունը, վերականգնողական աշխատանքները շարունակական կլինեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը:
Այսօր արդեն վաճառքի տարբեր կետերում կարելի է հանդիպել անձեռոցիկների, որոնք արտադրված են աուտիզմ ունեցող երեխաների և նրանց ծնողների կողմից։«Ամուսինս մակետ ստեղծեց, որը հատուկ հարմարեցված է աուտիզմ ունեցող երեխաների ձեռքերին, տուփերի թուղթը մի փոքր ավելի հաստ է: Երեխաներն անձեռոցիկի տուփերը հավաքում են առանց սոսնձելու: Մի քանի երեխա արդեն աշխատում է, վճարվել են, մյուսները նոր են ընդգրկվում այդ աշխատանքներում: Սա կարծես շարունակական կրթություն ապահովի, քանի որ վերականգնողական աշխատանքներ ենք անում, պատկերացնում ենք, թե որ երեխաները կարող են ընդգրկվել այս ծրագրում, սովորել և այդ աշխատանքն անել: Սա սոցիալական ձեռնարկատիրություն է, 2020 թ.-ի մայիսին բացեցինք ՍՊԸ, քանի որ արտադրանքը պետք է խանութներում վաճառվեր: Հիմա աշխատում ենք մի շարք կազմակերպությունների հետ, մեզ անձեռոցիկներ են պատվիրում, դրանք վաճառվում են խանութներում: Մեզ մոտ հստակ խնդիր դրվեց, որ միջուկը պետք է լինի շատ որակյալ, փաթեթավորումն արվում է երեխաների ու ծնողների կողմից: Նաև այս կերպ իրականացնում ենք իրազեկում աուտիզմի մասին, ցույց տալիս, որ աուտիզմ ունեցողները կարող են աշխատել»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ փորձում են բավարարել գնորդների պահանջները թե՛ տեսակի, թե՛ գնի առումով:«Անձեռոցիկի տուփերի վրա հետաքրքիր մտքեր ենք գրել, վրայի դիզայնը՝ փազլի տեսքով, չենք փոխում, քանի որ խճանկարը խորհրդանշում է աուտիզմը»,հավելում է ՀԿ-ի ղեկավարը: Արտադրությունն ընդլայնելու մասին: «Երևանում երկու կենտրոն ունենք: Առաջին կենտրոնը գնեցինք մեր ֆինանսներով, քանի որ վարձակալելը բավականին բարդ էր: Սկսեցինք վերականգնողական աշխատանքներ անել: Հետո արդեն ցանկանում ես առաջ գնալ, տարբեր ծրագրեր ես կազմում, ցանկանում օգնել մարդկանց, նաև քո երեխայի նման բալիկներին: Աստիճանաբար կենտրոն հաճախող երեխաները ավելացան, 2018 թ.-ին երկրորդ կենտրոնը հիմնեցինք, հիմա արդեն նաև այդ տարածքն ենք ընդլայնում՝ երկրորդ հարկի տեսքով: 2020 թ.-ին հիմնեցինք «Tmm Soft»-ը: Մենք հասկանում ենք, որ միայն փաթեթավորումով շատ բան անել, առաջ գնալ հնարավոր չէ: Պետք է փորձենք տարբեր տեսակի ապրանքներ արտադրել: Այժմ ցանկանում ենք, որ կենտրոններից մեկը ծառայի որպես արտադրություն: Դրա ճանապարհին ենք: Մեծացնելու ենք արտադրական ծրագրերը, որպեսզի ծնողները, որոնք հատկապես երեխայի խնամքի հետ կապված խնդիր ունեն, կարողանան իրենց ունեցած ազատ ժամերին աշխատել, վարձատրվել: Հաստոցները բավականին թանկ են, այս առումով ճանապարհ ունենք անցնելու, բայց լավատես ենք, Աստծո կամոք, ամեն ինչ լավ է լինելու»,-եզրափակում է Լենա Հարությունյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում