ԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
SportՀայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:
Երկրորդ գոտեմարտում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը 8:2 հաշվով ուժեղ գտնվեց 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում 21-ամյա Արսեն Հարությունյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ: Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ճապոնացի Տոշիհիրո Հասեգավան ու ռուսաստանցի Աբասգաջի Մոգամեդովը:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 18:10 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին:
Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի հետ, իսկ Արման Ավագյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ռուստամ Ռասուևը: Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Կարումա Գեդարա (Շրի Լանկա) – Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։