Այսքան ուրախ կյանքը մեր...«Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
2018 թվականին իշխանության եկած մարդիկ երկրում իշխանափոխություն կարողացան իրականացնել՝ առաջին հերթին խաղալով մարդկանց հոգու նուրբ լարերի հետ, այսինքն՝ օգտագործեցին սոցիալական վիճակի բարելավման խաղաքարտը: «Թալանչի նախկիններ, փայ մտնողներ, դղյակներ կառուցողներ և այլն, և այլն»: Նրանք եկան և պետք է բարելավեին քաղաքացու սոցիալական վիճակը. մենք չենք ասում, իրենք էին ասում, մեր մտքով անգամ նման բան չէր անցնի: Անգամ 2018 թվականի նախընտրական ծրագրում, ի թիվս այլ հարցերի, նշել են, որ մեր երկիրը պետք է ունենա «սոցիալական պաշտպանության կայուն համակարգ՝ ծնելիության բարձրացում, գործազրկության և աղքատության նվազեցում»:
Իհարկե, թիրախային տիրույթում թոշակառուներն ու նպաստառուներն են: Նպաստառուների դեպքում նշվում էր, որ առաջնային նպատակ պետք է լինի նրանց աշխատանքով ապահովելը, գործազուրկների «ցանկից» հանելը, ինչն իրականում վատ բան չէ, այլ հարց է, թե որքանով «հեղափոխական» իշխանությանը հաջողվեց իրականություն դարձնել իր ծրագիրը: Կենսաթոշակառուներին չէին կարող աշխատանքով ապահովել, քանի որ նրանք «իրենց գործն արդեն արել են», և հիմա վաստակած հանգիստը վայելելու ժամանակն է:
Դեռևս 2018 թվականին իշխանության համար պայքարող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում գրել է. «Պետական համակարգում հնարավոր խնայողությունների ու եկամուտների նոր աղբյուրների շնորհիվ նախատեսում ենք մինչև 2023 թվականը կենսաթոշակների բարձրացում»: Այս ողջ ընթացքում թոշակները բարձրացել են 3000 դրամով: Իսկ վերջերս տեղեկացանք դարի նորության մասին՝ «2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը»... ուշադրություն՝ ամբողջ 2100 դրամի չափով:
Հիմա մի տեսակ անհանգիստ եմ ու մտամոլոր՝ ինչպե՞ս են թոշակառուները և նպաստառուները ծախսելու այդ երկու հազար դրամները: Ո՞վ գիտի, արդեն նստել, պլանավորում են, թե այդ գումարը խնայելու դեպքում ուր կարող են մեկնել: Ասենք՝ Բուլղարիա՝ «Золотые пески», կամ էլ գուցե Սոչի՝ «на три ночи»: Իսկ որ մեր կառավարությունը բարեգութ գտնվի և 2022 թվականի ընթացքում մի երեք հազար դրամ էլ ավելացնի թոշակները, վերջ՝ բաց է եվրոպական ցանկացած երկիր տանող ճանապարհը: Մեր կենսաթոշակառուները ոտքի տակ կտան ողջ Եվրոպան, կմեկնեն Փարիզ ու Հռոմ, Աթենք ու Բարսելոնա: Լիարժեք «կչափչփեն» Եվրոպան ու, թոռների համար նվերներ գնած, կվերադառնան մայր հայրենիք:
Բայց արդեն հիմա՝ այդ մասին լուրը լսելով միայն, նրանք ցնծության մեջ են: Փողոցում հանդիպող տատիկ-պապիկների խանդավառ հայացքներն ու փայփլող աչքերն ամեն ինչ ասում են: Էլ չասենք այն մասին, որ բակերում հավաքված՝ քննարկում են այդ կարևորագույն իրադարձությունը, անհագորեն գնումներ կատարում սուպերմարկետներից ու շուկաներից, որպեսզի սեղաններ բացեն ի փառս նրանց, ովքեր «իրենցից կտրելով», պետական համակարգում խնայողություններ անելով՝ կարողացել են բարձրացնել թոշակները: «Բա խեղճերն իրենք ո՞նց են յոլա գնալու»,-ասում են նրանք՝ լսելով, որ իրենց թոշակն ավելանալու է 2000 դրամով: «Գոնե իրենց աշխատավարձն էլ մի քիչ բարձրացնեն,ասենք, գոնե մի 200-300 հազար դրամով, մեղք են, տուն-տեղ, ընտանիք, կարող է վարկեր էլ ունենան»,-շարունակում է մեկ ուրիշը:
Հետո ի՞նչ, որ պատգամավորները և պետական ապարատի աշխատողները Անկախության 30-ամյակի տոնին ընդառաջ պարգևավճարներ ստացան: Հետո ի՞նչ, որ պարբերաբար են պարգևավճարներ ստանում: Հետո ի՞նչ, որ ավելացվել է պատգամավորական ծախսի համար հատկացվող գումարը՝ հիսուն հազարից դառնալով 250 հազար դրամ: Խեղճերը հո նվիրյալնե՞ր չեն: Հո պատգամավորները սեփական միջոցներով չեն գնալու մարզեր քաղաքացիներին հանդիպելու, նրանց խնդիրներին լուծումներ տալու: Մարդ ես, սրտները ամառվա շոգին մի բաժակ սառը թան ուզեց, բա գրպաններում փող չլինի՞:
Այնպես որ, ապրեն իրենք, հա՛մ իրենցն են մի քիչ ավելացնում, հա՛մ էլ թոշակառուներինը՝ բոլ-բոլ... Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, ասել. «Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա»: Է, զգում են, այն էլ ոնց են զգում: Մարդը հո չի ասել՝ դրականն են զգալու, ասել է՝ զգալու եք: Համարեք՝ սպառնացել է: Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանի քաղաքացիների մի հատվածն արդեն «գլխին է տալիս» ու ասում՝ կոտրվեր ձեռքս, ձեզ չընտրեի, մյուս մասը հավելում է՝ ես ճիշտ էի, որ ձեզ չընտրեցի, իսկ մի մասն էլ դեռ համարում են որ «այսքան ուրախ կյանքը մեր»... Նիկոլ Փաշինյանն է տվել ու դեռ տալու է... Այդպես էլ չհասկանալով, որ դա էլ է սպառնալիք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում