Հորինում, խոսում են. ըստ գնդապետի՝ դատարկ ինքնաթիռը գերիի խոշտանգված մարմին չի բերել
InterviewՕրերս խոշտանգված ռազմագերիի ծնողը հայտնել է, որ որդու և մի քանի այլ գերիների դիակները Բաքվից Երևան են բերվել ինքնաթիռով: Ըստ նրա՝ դա հենց այն ինքնաթիռն է եղել, որով ապրիլի 8-ին հայ ռազմագերիներ պետք է գային, սակայն այն, ըստ պաշտոնական լուրերի, դատարկ էր եկել։ Պարզելու արդյո՞ք այդ «դատարկ» ինքնաթիռը նույն այն ինքնաթիռն էր, որով բերվել են խոշտանգված հայ զինվորների դիակները ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանի հետ, որն այն համոզմունքն ունի, թե այդ ամենը ֆանտաստիկայի ժանրից է.
«Ինձ թվում է՝ ինչ-որ ֆանտաստիկ պատմություններ են պատմում: Ով ինչ ուզում հորինում, խոսում է»,- շեշտեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված ռազմագերիի ծնողը կեղծ տեղեկություն կտարածեր, նա պատասխանեց, թե շատ են եղել դեպքեր, երբ նրանցից այդպիսի պատմություններ է լսել. «Ռազմագերիների ծնողներից ես այնքա՜ն բան եմ լսել, չեք պատկերացնի: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարի ինքնաթիռը ինչպես կարող է դիակ բերել, թեկուզ տեխնիկապես: Հրամանատարը ինքնաթիռով դիակ կտեղափոխե՞ր: Ինչ-որ օդից կախված խոսակցություններ են, մարդկանց կողմից ստեղծված առասպելներ»,- ընդգծեց Բորիս Ավագյանը:
Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքներին՝ ընդգծեց, որ դրանք ակտիվ փուլում են. «Ես գիտեմ, որ շատ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը կտա իր դրական արդյունքը»,- ասաց գնդապետը:
Հետաքրքրվեցինք, թե կան հստակ ժամկետներ, նշեց, որ դրանց մասին խոսել հնարավոր չէ. «Ժամկետներ ոչ մեկը չի կարող ասել, մինչև գերին չի նստում ինքնաթիռ, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը: Մինչև վերջին րոպեն կարող է ամեն ինչ փոխվել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը:
Շարունակությունը՝ այստեղ