Իր գործը թողած` ուրիշի գործն է անում․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հենց սկզբից ասեմ, որ չեմ ուսումնասիրել միջազգային օդագնացության ոլորտում առկա օրենքները, չեմ հանդիսանում այդ հարցերով մասնագետ։ Ավելին, անգամ չեմ փորձել համացանցի օգնությամբ ճշտել որևէ բան, որը լրիվ հնարավոր էր։ Ես սովորական շարքային քաղաքացի եմ, բայց մի տարբերությամբ՝ տրամաբանող քաղաքացի, ոչ թե... Ուրեմն, նախ՝ առկա փաստերը: Իրանի ինչ-որ հայտարարությունների կամ գործողությունների արդյունքում ադրբեջանական ինչ-որ ինքնաթիռների արգելվել է թռչել Իրանի օդային տարածքով։
Բաքու-Նախիջևան երթուղով Հայաստանի տարածքով թռիչք է իրականացրել ինչ-որ, ենթադրաբար, քաղաքացիական օդանավ (ենթադրաբար՝ այն իմաստով, որ Հայաստանում ոչ ոք չգիտի, թե ինչ կա օդանավի ներսում)։ Նույն օրը նաև ինչ-որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռ է թռել իրանական տարածքով։ Դա Հ1-ի Պետրոս Ղազարյանի վկայությամբ, որի խոսքերի ճշմարտացության մեջ ոչ մի կասկած չկա Հայաստանի ցանկացած «հպարտ քաղաքացու» համար։
Հ1-ի եթերում նույն անձի հետ հարցազրույցում Հայաստանի ցանկացած «հպարտ քաղաքացու» համար սուպերարհեստավարժության կերպար հանդիսացող քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, նույն ինքը՝ «սիրուն աղջիկը», հայտարարել է, որ, այո՛, այդ ամենը եղել է, ամեն ինչ ճիշտ է, միջազգային օրենքներով ոչ ոք չի կարող փակել օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար, և այն Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ չի էլ եղել։ Հիմա՝ տրամաբանական վերլուծություն: Հավանաբար, կա Տաթևիկի նշած քաղաքացիական ավիացիայի մասին օրենքը, և, հավանաբար, ոչ մի երկիր այն չի խախտում... եթե, իհարկե, չկան այլ գործոններ։ Մի պարզ օրինակ. ենթադրենք՝ քաղաքացիական օդանավը Բաքվում բեռնում են պայթուցիկով, որը դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ ընկնում է Հայաստանի որևէ տարածքում, արդյունքը պարզ է...
Արտաքուստ ոչ մի միջազգային օրենք էլ չի խախտվել, խախտումը կարելի է թեթև ներկայացնել՝ անփութություն, որը, իհարկե, հետո կհայտնաբերվի, բայց ի՞նչ, ահռելի վնասներ... Այստեղ տրամաբանությունն այն է, որ ինչքան էլ քաղաքացիական լինի իրանական օդանավը, միևնույնն է, Իսրայելը չի թողնի այն տարանցմամբ թռչի իր օդային տարածքով, անվտանգության հարց է, ընդ որում՝ անգամ Իրանը չի փորձի դա անել, քանի որ ամենահավանականն այն է, որ այն ընդամենը կխփվի սահմանին, թեկուզ լինի ուղևորատար։
Այսինքն, բացի միջազգային օրենքներից, կան նաև գործուն ներքին անվտանգային օրենքներ, ընդ որում, համոզված եմ՝ նաև Հայաստանում, որոնց մասին «սիրուն աղջիկը» չի խոսում... հավանաբար այն պատճառով, որ դրանք անվտանգության ոլորտի հարցեր են, այլ ոչ թե օդագնացության։ Եզրակացություն: Ստացվում է՝ Ադրբեջանը Հայաստանի համար թշնամական երկիր չէ, ավելին՝ ոչ մի վտանգ չի ներկայացնում... հավանաբար Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ներքին բանավոր պայմանավորվածություններով։ Ապացույցն այն է, որ անգամ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող Իրանը չի թույլատրել որոշակի «քաղաքացիական» օդանավի տարանցմամբ թռչել իր տարածքով, իսկ Հայաստանը թույլատրել է՝ չնայած Ադրբեջանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։
Սակայն այս կոնկրետ դեպքում կարևորն անվտանգությունը չէ։ Դա՝ իր հերթին։ Այստեղ կարևորն այն է, որ խիստ լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը իր «բարեկամ» Հայաստանի միջոցով ցույց է տալիս «ագրեսոր» Իրանին, որ ունի օդային միջանցքի այլընտրանք։ Ակամայից հիշում եմ մի դեպք, երբ տղան գտնում է իր կնոջը հոր հետ անկողնում և հարցնում՝ ա՛յ հերա, էս ի՞նչ ես անում, որին հայրը պատասխանում է. «Ի՞նչ եմ անում, իմ գործը թողած՝ քո գործն եմ անում»։ Հիմա Իրանը «իր գործը թողած՝ մեր գործն է անում»։ Եթե չենք օգնում, գոնե չխանգարենք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում