Վրաստանում հոկտեմբերի 11-ին սգո օր է հայտարարվել
International newsՎրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթումիում բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու փաստի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորին վշտակցությունս եմ հայտնում Բաթումիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Նրանց հետ սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ, ի հիշատակ զոհերի, հոկտեմբերի 11-ը կհայտարարվի սգո օր»,- գրել է Ղարիբաշվիլին Facebook-ի էջում:
Նա հայտնել նաև, որ պետությունը տուժածներին աջակցություն կտրամադրի, իսկ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Բաթումիում բնակելի տան հատվածներից մեկը հոկտեմբերի 8-ին փլուզվել էր, որի հետևանքով մահացել էր 6 մարդ: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:
Ոստիկանությունը գործի առնչությամբ 3 մարդու է ձերբակալել, որոնցից մեկը շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը՝ վերանորոգում իրականացնող աշխատակիցները: Քննության տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների հետևանքով, քանի որ դրանք իրականացվել են անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: