Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում խափանել ՌԴ խաղաղապահ առաքելության իրականացումը․ Արցախի ԱԳՆ
International newsԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից Արցախում խաղաղ բնակչի զոհվելու դեպքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում:
«Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը: Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- «Սրմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ:
«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: