ՊՆ-ն տեղեկացնում է
SocietyՊաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է բարելավում չկահավորված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների և արտերկրի ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների դրամական ապահովության հետ կապված։
Նախատեսվում է ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման և հաշվարկման գործակիցները սահմանող հավելվածում նոր՝ 2․5 կետն ավելացնել, ըստ որի նոր՝ չկահավորված բնագծերում մարտական հերթապահության իրականացման համար հավելավճար կնախատեսվի մինչև 60․000 դրամի չափով։
Ըստ նախագծի՝ «Նոր՝ չկահավորված բնագծեր» են համարվում 2020թ. ռամական գործողությունների արդյունքում ձևավորված նոր շփման գծի երկայնքով բնագծերը, որտեղ սարքավորված չէ կացարան (գետնատակ) կամ խրամատներ (խրամատուղիներ) կամ դիրքերը միմյանց և դեպի թիկունք կապող ճանապարհային ցանց:
Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է օրական 12-24 ժամ ծառայությունը, իսկ օրական 12 ժամից պակասը չի հաշվարկվում:
Պետական սահմանի առաջնագծում (հակառակորդի հետ անմիջապես շփման գծում) մինչև վաշտի հենակետի խորքը, ինչպես նաև վաշտի հենակետի խորությունից պահպանության առանադիրքի խորությամբ մարտական խնդրի կատարում է համարվում զորամասերի, միավորումների, զորամիավորումների հրամանատարների պետական սահմանի պահպանության որոշումներով հաստատված զորամասերի (ստորաբաժանումների) կողմից մարտական հերթապահության իրականացումը և իրադրության սրման (լարվածության) պայմաններում զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարների հրամաններով պետական սահմանի պահպանությանն ընդգրկված լրացուցիչ ուժերի մարտական ծառայությունը:
Պայմանը դադարում է գործել դիրքերի նվազագույն կահավորումն ապահովելու դեպքում:
Հավելումը չի հաշվարկվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի համար և գործում է փաստացի ծառայած օրերի հաշվարկով:
Կոնկրետ մարտական դիրքերի (հենակետերի) ցանկը, ըստ պահպանության (պաշտպանության) գոտիների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացմամբ հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Նախատեսվում է, որ այս փոփոխության գործողությունը կտարածվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։